Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Ռուսաստանը կարող է փոխարինել Հայաստանին Ադրբեջանով, եթէ Փաշինեանն այսպէս շարունակի․ Հայաստանը դրանից ուշքի չի գայ»

«ԱԼԻՔ» – Եթէ դու դեռ 100 տոկոս այլընտրանքը չունես, ինչո՞ւ ես հրաժարւում նրանից, ինչը կայ քո ձեռքին: Այս մասին News.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններին եւ դէպի Արեւմուտք թեքւելու հեռանկարին։

«Հիմա էս Եւրոպա գնալու մէջ բլէֆ կայ, էլի մեր ժողովրդին խաբկանքի մէջ են գցում: ԵՄ-ում մեզ սպասող չկայ, 20-30 տարի յետոյ գուցէ լինի, որի մասին այսօր խօսողները դա չեն տեսնի: Ուղղակի մեր բախտը բերում է, որ Ռուսաստանը դեռ մեծ համբերատարութիւն է ցոյց տալիս այս իշխանութիւնների նկատմամբ: Դու Եւրասիական միութեան մէջ ես, որի բարիքներից քիչ, թէ շատ օգտւում ես: Հիմա ուզում ես գնալ Եւրոպա, որի մասին յայտարարում ես: Հիմա ես ԵԱՏՄ-ի առաջնորդող երկիրն եմ՝ Ռուսաստանը եւ նայում եմ, որ այստեղ կայ մի Հայաստան, որը ակտիւօրէն գնում է Եւրոպա, բայց ուզում է այստեղ մնայ: Այսինքն 10-20 տարի յետոյ, երբ պահը գայ, մտնի ԵՄ, մեզ թողնի, դաւաճանի, բայց  այս 20 տարում օգտւի՞ մեր բարիքներից: Կարո՞ղ է մենք կթան կով ենք: Ի վերջոյ, Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր անել: Իրենք դա հայ ժողովրդի համար են անում, չեն ուզում վնաս տալ, թէ չէ կարող է գազի գինն այսօր 4 անգամ աւելի լինի, կարող են հարկեր դնել, կարող են ասել՝ դուրս արի ԵԱՏՄ-ից, որոշի՝ կամ մնում ես, կամ դուրս ես գալիս: Սա չեն հասկանում: Ռուսաստանին այսպէս բացայայտ հակադրւելը չի կարող լավ հետեւանք ունենալ»,- յայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

Օսկանեանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը կարող է Հայաստանը փոխարինել Ադրբեջանով եւ վերջինի միջոցով սկսի լուծել իր խնդիրներն այս տարածաշրջանում, եթէ Հայաստանի ղեկավարութիւնը շարունակի իր վարած քաղաքական կուրսը։

«Ռուսաստանը կարող է փոխարինի Հայաստանն Ադրբեջանով, ընդհանրապէս մոռանայ մեզ եւ իր ռազմավարական խնդիրներն Ադրբեջանի միջոցով լուծի։ «Հիւսիս-հարաւ» ճանապարհը մենք արդէն կորցրել ենք։ Վերջերս երեք տարբեր հաղորդում եմ դիտել, ոչ մի քարտէզում Հայաստան գոյութիւն չունի․ այդ ճանապարհը Հնդկաստանից՝ Բանդերաբասից Ռուսաստան ու Եւրոպա է գնում Ադրբեջանով, իսկ մերոնք դեռ ինչ-որ «Խաղաղութեան խաչմերուկից» են խօսում։ Մենք այս ճանապարհը կորցրել ենք արդէն, Արեւելք-Արեւմուտք ճանապարհ մեզ համար դեռ գոյութիւն չունի, Վրաստան շատ աւելի կոմպլեմենտար քաղաքականութիւն է վարում։ Ադրբեջանը միշտ էլ կարողացել է հաւասարակշռութիւն պահել, հիմա կարող է առաւել խորացնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ՝ ի հեճուկս մեզ եւ Ռուսաստանի համար փոխարինի մեզ, Վրաստանը յարաբերութիւնները Ռուսաստանի հետ բերի նորմալ վիճակի մէջ, եւ մենք ընդհանրապէս յայտնւենք մեկուսացման մէջ։ Այս իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը սրան է տանում, եւ այդ վտանգը կանգնած է մեր առջեւ։ Տարածաշրջանում լուրջ փոփոխութիւններ են, դերերի կտրուկ փոփոխութիւն կարող է տեղի ունենալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայիս քաղաքականութեան պայմաններում եթէ նոյնիսկ 100%-ով գնանք Արեւմուտք, դա կը կորցնի իր արժէքը, որովհետեւ լրւի Թուրքիայի ազդեցութեան տակ կը յայտնւենք, միջնորդաւորւած կը դառնայ դա, իսկ Ռուսաստանը երբ մեզ փոխարինող գտնի տարածաշրջանում, կարող է այնպէս անտեսի մեզ, որ դրանից կարող է չկարողանանք ուշքի գալ»,- ընդգծել է Օսկանեանը։

Related Articles

Back to top button