Տիգրան Աբրահամեան. «Իրանում ակտիւացել են Արցախում իսրայէլական գաղտնի ռազմական օբիեկտների տեղակայման եւ սպառնալիքների քննարկումները, իսկ այդ ընթացքում ՀՀ իշխանութիւնը հեծանիւ է քշում»
«ԱԼԻՔ» – «Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանութեան եւ դրանից յետոյ սպասւելիք հնարաւոր հակահարւածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիւացել են Արցախի օկուպացւած հատւածներում իսրայէլական գաղտնի ռազմական օբիեկտների տեղակայման եւ իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները»: Ֆէյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Այն, որ Իսրայէլը կոնկրետ շահագրգռւածութիւն ունէր Արցախի ու յատկապէս նրա հարաւային` մերձիրանեան հատւածի օկուպացիայի մասով, դա ակնյայտ փաստ է եւ նրա` Ադրբեջանին յատկացւող ռազմաքաղաքական աջակցութիւնն ընդգծւած էր:
Միւս կողմից, Արցախի դէմ պատերազմն ու նրա օկուպացիան ունէր նաեւ աշխարհաքաղաքական բնոյթ բոլոր այն ուժերի համար, ովքեր փորձում էին Իրանի դէմ օղակը սեղմել եւ ճակատն ընդլայնել ու այսօր, առաւել քան երբեւէ, Ադրբեջանի գործօնն օգտագործւում է Իրանի դէմ օպերացիաներում` հետախուզականից մինչեւ հնարաւոր գործողութիւնների նախապատրաստում:
Ադրբեջանն այս հանգամանքը փորձում է թանկով ծախել Իրանի թշնամիներին, ինչը որքան էլ առաջին հայեացքից արկածախնդրութիւն է թւում, սակայն մինչեւ այս պահը յաջողւել է»,- գրել է Աբրահամեանը՝ յաւելելով. «Իսկ ի՞նչ է այս ընթացքում արել հայաստանեան իշխանութիւնը. այո´, հեծանիւ է քշել, յետոյ էլի քշել, անընդհատ քշել, իսկ արանքում էլ` ֆեստիւալներ կազմակերպել»,- գրել է նա: