Հայաստան - Արցախ

Վահրամ Բալայեան. «Արցախի, մեր պատմութեան էջը դեռ փակւած չէ»

«Բազմաթիւ գործօնների ազդեցութեան տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել: Ընդհանուր առմամբ, պատմութիւնը ոչ միայն դաս է, այլեւ պատիժ բոլոր նրանց համար, որոնք պատմութեան դասերը հաշւի չեն առնում: Ցաւօք սրտի, մենք մեր անցած դասերը հաշւի չառանք, չկարողացանք պահպանել մեր պետականութիւնը:

Արցախի, մեր պատմութեան էջը դեռ փակւած չէ, ամէն սերունդ իր ներդրումը պէտք է ունենայ երկրի, պետականութեան պահպանման համար։ Ճիշտ է՝ այսօր յուսախաբւած, կոտրւած վիճակում ենք, բայց պէտք է եղած հնարաւորութիւններն օգտագործել եւ հզօրացնել ՀՀ-ն»,- փետրւարի 20-ին, լրագրողներրի հետ ճեպազրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը։

Նրա խօսքով՝ պէտք է փորձել շարունակել իրենց հետագայ պայքարը, որպէսզի նորից մեր պատմական հայրենիքի մի հատւածն ազատագրեն։

Ըստ ԱՀ ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցն ընդհանրապէս կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ։

«Մենք ինքնորոշւեցինք մեր տարածքի վրայ։ Կարեւոր է նկատենք, որ մենք որեւէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ յաւակնութիւններ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, եւ այն որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային Միութեան կազմում։ Աւելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն ունեցել է նաեւ Սահմանադրութիւն, որտեղ գրւած է, որ պաշտօնական, պետական լեզուն հայերէնն է: Իրաւական տեսանկիւնից որեւէ խնդիր չկայ, այսօր խօսել, որ պէտք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկայ, դա անընդունելի է»,- նշեց Բալայեանը։

Այս կամ այն որոշումով հնարաւոր չէ փակել ազգային հարցերը,- ասաց Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելով փորձ է արւում ամբողջութեամբ օրակարգից հանել Արցախի հարցը:

«Թղթի վրայ գրւածը դեռեւս հիմք չէ, այսինքն դա չի նշանակում, որ մեր պայքարը չպէտք է շարունակւի, մեր ժողովուրդը չպէտք է պահանջատէր լինի: Արցախը միայն արցախահայերինը չէ, այն համայն հայութեանն է պատկանում:

Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի: Դա ժողովրդական հանրաքւէի միջոցով պէտք է լինի եւ ժողովուրդը արդէն մէկ անգամ որոշում կայացրել է եւ հետամուտ կը լինի իր իրաւունքները պաշտպանելու հարցում»,- ասաց նա:

Related Articles

Back to top button