Երբ պետութիւնը մօտենում է խորանին. Հայաստանի սահմանադրական եւ միջազգային կարմիր գծերը

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ
Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետութիւնում պետական իշխանութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու յարաբերութիւնների շուրջ ծաւալւող գործընթացները, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետի անձի հետ կապւած քաղաքական եւ հասարակական խօսոյթը, վերածւել են ոչ միայն ներքաղաքական, այլեւ իրաւական լուրջ խնդրի։ Խնդիր, որը պահանջում է գնահատում ոչ թէ յուզական կամ գաղափարական հարթութիւնում, այլ՝ ՀՀ Սահմանադրութեան եւ միջազգային իրաւունքի պարտադիր նորմերի շրջանակում։
ՀՀ Սահմանադրութեան 17-րդ յօդւածը ամրագրում է պետութեան աշխարհիկ բնոյթը՝ միաժամանակ ճանաչելով Հայ Առաքելական Եկեղեցու «առանձնայատուկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքի, ազգային մշակոյթի եւ ինքնութեան պահպանման գործում»։ Այս ձեւակերպումը պետութեան վրայ դնում է երկակի պարտաւորութիւն. մի կողմից՝ չնոյնացնել պետական իշխանութիւնը որեւէ կրօնական ինստիտուտի հետ, միւս կողմից՝ ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին ինքնավարութեան վրայ ազդելու քայլերից։ Սահմանադրական այս հաւասարակշռութեան խախտումը կարող է առաջացնել ոչ միայն ներքին իրաւական հակասութիւններ, այլեւ միջազգային իրաւական խնդիրներ։
Հայաստանը հանդիսանում է մի շարք առանցքային միջազգային փաստաթղթերի կողմ, որոնք պարտադիր ուժ ունեն ազգային իրաւակարգում։ Մասնաւորապէս, Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի 9-րդ յօդւածը երաշխաւորում է «մտքի, խղճի եւ կրօնի ազատութիւնը», ներառեալ՝ կրօնը ազատօրէն դաւանելու, կազմակերպելու եւ տարածելու իրաւունքը։ Նոյն յօդւածի համաձայն՝ պետութեան միջամտութիւնը կրօնական կեանքի ոլորտ կարող է արդարացւել միայն այն դէպքում, եթէ այն նախատեսւած է օրէնքով, հետապնդում է լեգիտիմ նպատակ (հանրային անվտանգութիւն, հասարակական կարգ, այլոց իրաւունքների պաշտպանութիւն) եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակութիւնում։
Նմանատիպ երաշխիքներ ամրագրւած են նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ յօդւածում, որտեղ յատուկ շեշտւում է կրօնական կազմակերպութիւնների ինքնավարութեան սկզբունքը եւ պետութեան պարտաւորութիւնը՝ խուսափել հարկադրանքից կամ ճնշումից, որը կարող է սահմանափակել հաւատքի ազատ իրականացումը։
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից առանձնայատուկ կարեւոր է այն հանգամանքը, որ միջամտութիւնը կարող է լինել ոչ միայն ուղղակի, այլեւ անուղղակի։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախադէպային իրաւունքում բազմիցս արձանագրւել է, որ պետական պաշտօնեաների հրապարակային յայտարարութիւնները, քաղաքական գնահատականները կամ վարչական լծակների կիրառման սպառնալիքը կարող են դիտարկւել որպէս կրօնական ազատութեան խախտում, եթէ դրանք ազդում են հաւատացեալների ազատ կամքի կամ կրօնական կառոյցների ինքնակառավարման վրայ։
Այս առումով Վեհափառի կամ Եկեղեցու բարձրագոյն մարմինների հասցէին հնչող քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ պետական իշխանութեան կողմից ձեւաւորւող հանրային ճնշման մթնոլորտը, կարող են ընկալւել որպէս միջամտութիւն կրօնական ինստիտուտի ներքին գործերին։ Նոյնիսկ այն դէպքում, երբ նման քայլերը ներկայացւում են որպէս «քաղաքական կարծիք» կամ «հանրային քննարկում», միջազգային իրաւունքը պահանջում է գնահատել դրանց իրական ազդեցութիւնը, այլ ոչ միայն ձեւական բնոյթը։
Հարկ է ընդգծել, որ միջազգային պարտաւորութիւնները չեն սահմանափակւում օրէնքների տեքստային համապատասխանութեամբ։ Պետութիւնը պարտաւոր է ապահովել նաեւ իրաւունքների արդիւնաւէտ եւ բովանդակային պաշտպանութիւնը։ Այս սկզբունքը բխում է թէ՛ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայից, թէ՛ ՄԱԿ-ի համապատասխան մեկնաբանութիւններից։ Այսինքն՝ նոյնիսկ իրաւաչափ ձեւակերպւած գործողութիւնը կարող է հակասել միջազգային իրաւունքին, եթէ այն խաթարում է կրօնական ազատութեան իրական իրականացումը։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայ մօտեցումները Եկեղեցու եւ Վեհափառի շուրջ պահանջում են առաւել զուսպ, իրաւաբանօրէն հիմնաւորւած եւ միջազգային չափանիշներին համահունչ քաղաքականութիւն։ Հակառակ դէպքում, պետութիւնը վտանգում է խախտել ոչ միայն սեփական Սահմանադրութեան ոգին, այլեւ այն միջազգային պարտաւորութիւնները, որոնց իրագործումը ենթակայ է արտաքին վերահսկողութեան եւ հնարաւոր իրաւական հետեւանքների։ Այս հարցի շուրջ քննադատական եւ փաստարկւած հանրային քննարկումը կարեւոր է ոչ թէ ինստիտուտների հակադրութիւն ստեղծելու, այլ իրաւական պետութեան սկզբունքները պահպանելու տեսանկիւնից։



