ԹեհրանՀամայնք

Դոկտ. Մանուկեանը Թեհրանի բժշկագիտական համալսարանի միջազգային յարաբերութիւնների զարգացման բաժնի տնօրէն է նշանակւել

Թեհրանի հայկական կեանքում գործում եւ արարում են հայորդիներ, որոնք իրենց կրթութեամբ, գիտութեամբ, արւեստով կամ մարզական ոլորտում իրենց նւաճումներով կարեւոր տեղ են գրաւում ոչ միայն Իրանի եւ հայկական իրականութեան մէջ, այլ նաեւ ճանաչւած են միջազգային բեմում եւս:

Ուրախութեամբ տեղեկացանք, որ վերջերս գիտական ոլորտում բարձր նւաճումների է արժանացել դոկտ. Արփի Մանուկեանը: Ստորեւ համառօտ ներկայացնում ենք դոկտ. Արփի Մանուկեանին:Արփի Մանուկեանը ծնւել է 1982 թւականին Թեհրանում, տարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է «Ռոստոմ» ազգային դպրոցում, միջնակարգը Հ.Բ.Ը.Մ-ի «Մարի Մանուկեան» դպրոցում: Դոկտ. Արփի Մանուկեանը ոչ միայն մասնագիտացել է իր սիրած ճիւղում, այլ մանկուց շնորհիւ իր ընտանիքի միշտ մաս է կազմել Թեհրանի հայկական միութիւններին, հինգ տարեկանից անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի պարի դպրոցին: Նրա հանգուցեալ հայրը Գրիգոր Մանուկեանը եւս տարիներ անդամակցել է Հ.Մ.Ա.Կ.-ին եւ ազգային իշխանութեան մարմիններին: Անցնելով դոկտ. Մանուկեանի մասնագիտական ոլորտին, նշենք որ 2000 թւականին ընդունւել է Թեհրանի պետական համալսարանի բժշկագիտական ֆակուլտետ եւ 2004 թւականին աւարտելուց անմիջապէս յետոյ ընդունւել է գերլիսանսի մակարդակում ներքին վիրահատութեան բուժքոյրութեան թեքումով, ստացել է PHD հէնց Թեհրանի պետական համալսարանից: Ուսման շրջանը աւարտլուց յետոյ պրակտիկան անց է կացրել «Շարիաթի» հիւանդանոցում ոսկրածուծի պատւաստման, անկոլոգիայի եւ հեմատոլոգիայի գիտահետազօտական կենտրոնում: 2009-ից մինչեւ 2011 թւականը Արփին աշխատել է Թեհրանի Ջամ հիւանդանոցում, որպէս «Որակի վերահսկողութեան վերահսկիչ», 2014 թւականից աշխատել է Թեհրանի բժշկագիտութեան համալսարանում, որպէս դասախօս: Իսկ արդէն 10 տարի է ինչ Թեհրանի բժշկագիտական համալսարանի ներքին վիրահատութիւնների բաժնում, որպէս պրոֆեսորադասախռսական կազմի անդամ: Նա Associate Professor գիտական կոչում ունի եւ դասաւանդմանը զուգահեռ անցկացրել է բազմազան գիտահետազօտութիւններ երկրի եւ միջազգային մակարդակներում: Մասնագիտական ​​էթիկայի ոլորտում նրա հետազօտութիւնների հիմնական ուղղւածութիւնը Cancer & Palliative Care եւ Spiritualit է: Նրա հետազօտութիւնների եւ իր ղեկավարութեան տակ գտնւող ուսանողների թէզերի արդիւնքը աւելի քան 40 միջազգային յօդւածներ են: Դասաւանդումից եւ հետազօտութիւններից բացի, դոկտ. Մանուկեանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտօններ համալսարանական մակարդակում: 2020-ից 2023 թւականներին նա եղել է USERN-ի (Universal Scientific Education and Research Network) գիտական ​​քարտուղարը, որի միջոցով իրականացրել է տարբեր գիտական ​​գործունէութիւն համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանների հետ եւ ապահովել է իրանցի ուսանողների համար միջազգային գործունէութեան համար յարմար հարթակ:

2019 թւականից նա Թեհրանի բժշկագիտական համալսարանի եւ Հայաստանի բժշկական համալսարանի համատեղ միջազգային համագործակցութեան բաժնի պատասխանատուն է: Այս առումով, Երեւանի պետական ​​բժշկական համալսարան կատարած այցելութեան եւ, իհարկէ, վերջին մի քանի տարիների ընթացքում երկու համալսարանների հետ փոխգործակցութեան արդիւնքում, 2025 թւականին երկու համալսարանների միջեւ ստորագրւել է համատեղ համագործակցութեան յուշագիր։ Դոկտ. Մանուկեանի կողմից իրականացւած համադրութիւնների արդիւնքում, Իրանում ժամանակի Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպաններ Արտաշէս Թումանեանը եւ դոկտ. Արսէն Աւագեանը այցելել են Թեհրանի բժշկագիտական համալսարան եւ անհրաժեշտ աջակցութիւնն են ցուցաբերել համատեղ համագործակցութեան հարթակ ստեղծելու համար։

Դոկտ. Արփի Մանուկեանը իր դասախօսական աշխատանքին զուգահեռ 2021 թւականից ի վեր աշխատում է որպէս համալսարանի բուժքոյրութեան եւ մանկաբարձութեան ֆակուլտետի միջազգային հարցերով փոխդեկան: Իր աշխատանքի ընթացքում բուժքոյրութեան ոլորտում մի շարք միջազգային համագործակցութիւններ են ձեւաւորւել: Նա բազմիցս այցելել է Հայաստանի, Իսպանիայի, Իրաքի, Ճապոնիայի եւ Պակիստանի համալսարանները եւ փորձել է իր գիտական դասախօսութիւնների միջոցով ներկայացնել Թեհրանի բժշկագիտական համալսարանի տարողութիւնները եւ ընդլայնել բուժքոյրութեան եւ մանկաբարձութեան ոլորտում համատեղ գիտահետազօտական եւ ուսոսցման միջազգային աշխատանքները: 2023 թւականին Իսպանիայի Փոնֆերադա համալսարան այցի ընթացքում գիտական կապ է հաստատել Թեհրանի բժշկագիտական համալսարանի հետ, որին անդրադարձ է կատարւել նաեւ տեղի մամուլում: Դոկտ. Մանուկեանը նշանակւել է Թեհրանի բժշկագիտական համալսարանի միջազգային յարաբերութիւնների զարգացման բաժնի տնօրէն։

Նիւթը կազմեց՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Related Articles

Back to top button