Գագիկ Ծառուկեան. «Ազատութիւնը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիւը բարձր պահելն է»

Ազատութիւնը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիւը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը:
«Երէկ (օգոստոսի 5-ին) դատարանը որոշեց, որ ես եւս երկու ամիս պէտք է լինեմ անազատութեան մէջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունէի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատութիւն իմ դէպքում։ Ազատութիւնը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամէն առաւօտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խօսելը, ինչ-որ մէկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյեան միշտ տարբեր ոլորտների հեղինակաւոր մարդկանց հետ մի բաժակ կոնեակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատութիւնը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատւը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարաւորութիւններից զրկւած եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրւած էր. «Սա էլ կանցնի»։
Իհարկէ կանցնի։
Իհարկէ գալու է ժամանակը, երբ կը կարողանամ շարունակել կառուցել, կը կարողանամ նոր գաղափարներ կեանքի կոչել, երբ նորից կը կարողանամ պատասխանել օգնութեան դիմումներին, երբ կը կարողանամ աւելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարւողի մասին։ Ես այս օրերն էլ կորսւած չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցէ՝ աւելի լաւ, քան դրսում եղած ժամանակ։ Երեւի ճիշտ են ասում, որ պէտք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկւած փորձութեան համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանօթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղօթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացւում»,- նշել է նա։



