Տարանք… տարանք ու կարօտեցինք
Լաւն է մեր այս հի՜ն ու փոքրիկ Մոլորակը, ուր ամէն ազգ, ժողովուրդ իր համար մի կտոր տարածք ցանկապատեց, վարեց, ցանեց, ծառ տնկեց, տուն շինեց ու կոչեց հայրենիք:
Մեր ցանկապատը շատերի նախանձը շարժեց, շատերին նեղութիւն տւեց: Ասացին՝ «Մի քիչ ներս տարէ՛ք…»:
Տարանք… Տարանք ու կարօտեցինք ցանկապատի այն կողմում թողած մեր վարած-ցանած հողին, մեր տնկած ու բարիքը չվայելած ծառերին, մեր խնկաբոյր հաւատի տներին, հեթանոս ու խաչքարոտ նախնիների հանգստարաններին…
Յետոյ, տեսան, որ սուս ու փուս ետ ենք տանում՝ ցանկապատը դնում այնտեղ, որտեղ իրենց է յարմար, որոշեցին. «Սրանք անցանկապատ էլ եօլա կը գնան…»:
Քանդեցին ցանկապատը, հարեւաններով խորհուրդ արին, թէ ում ինչքան բաժին հանեն… Մեզ քարերը թողեցին…
Հող չմնաց, որ գոնէ ցանկապատի մի ծայրը հողում մեխէինք…
ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ*
Մէջբերումը՝ նրա «Փոս-Փարիզ» գրքից է
__________________________
*Սպարտակ Ղարաբաղցեան (ծնւած՝ 1951թ., Երեւան), հայ լրագրող, պատմաբան, հրապարակախօս, սցենարիստ