
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ Իրանի առաջադրած եօթը պայմանների կատարումից առաջ որեւէ քայլ կամ բանակցութիւն չի իրականացւելու, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակորդի ցանկացած սխալի դէպքում Թեհրանը ռազմական գործողութիւնների նոր աշխարհագրութիւն սահմանելով վճռական պատասխան կը տայ:
Այսօր՝ երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, խորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելոյթում Ղալիբաֆը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին նշել է, որ Իրանի դիրքորոշումը յստակ է եւ անփոփոխ։ « Իրանի ժողովրդի նկատմամբ սպառնալիքներն ու տնտեսական ճնշումների ուժեղացման մասին յայտարարութիւնները վկայում են անկախ եւ ինքնիշխան Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ-ի անզօրութեան մասին»,- նշել է նա։
Ելոյթի մէկ այլ հատւածում Ղալիբաֆը քննադատել է խորհրդարանի մի քանի պատգամաւորների մասնակցութեամբ նախորդ օրը տեղի ունեցած միջադէպը, որտեղ նրանց վարքագծի պատճառով խափանւել էր լիագումար նիստի անցկացումը։ Նա նման կեցւածքը որակել է որպէս վտանգաւոր նախադէպ, կոչ անելով պետական պաշտօնեաներին պահպանել միասնականութիւնն ու խուսափել ներքին տարաձայնութիւնները պառակտման վերածելուց։



