Էդւարդ Շարմազանով. «Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անւանում են ոչ թէ «Զանգեզուրի միջանցք» կամ «Հայկական խաչմերուկ», այլ «Թուրանական միջանցք»»
«ԱԼԻՔ» – ՀՀԿ մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Հարաւային Կովկասում հաղորդակցութեան ուղիների վերահսկողութեան շուրջ ընթացող պայքարին եւ այդ համատեքստում «Զանգեզուրի միջանցք»-ի նշանակութեանը.
«Սա ոչ թէ Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին։
Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարաւային Կովկասի հաղորդակցութեան ուղիների վերահսկման շուրջ։
Ինչո՞ւ է այն տեղի ունենում։
Ո՞րն է ՀՀ շահը։
Ու՞մ շահերն է սպասարկում ՀՀ իշխանութիւնը։
Դեռեւս յուլիսի վերջին հրապարակւեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջէյմզ Օ՚Բրայէնի ելոյթը, որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է, շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցութիւն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Աւելին՝ ԱՄՆ պաշտօնեան դա ասել էր Ռուսաստանի դէմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում, որը կը յանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտութեանը։
Գաղտնիք չէ, որ ի սկզբանէ Արեւմուտքը ՌԴ-ի դէմ պայքարի կարեւոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը, սակայն ստանալով վրացիների մերժումը հայեացքն ուղղեց դէպի Հայաստան։
Արեւմուտքը յստակ ազդակ յղեց Փաշինեանին, որպէսզի նա «կը տրւի ՌԴ-ից եւ իրականացնի համարձակ քայլեր»։
Օ՚Բրայէնի այս դիրեկտիւներին ոչ Փաշինեանը, ոչ էլ որեւէ իշխանաւոր հրապարակային չընդդիմացաւ՝ ըստ էութեան ընդունելով իրենց իշխանութեան արեւմտեան վասալի կարգավիճակը։
Ինքնիշխանութիւնից ամէն պատեհ ու անպատեհ առիթով խօսող Փաշինեանը ռիսկ չարեց կէս բառ անգամ արտաբերել ՀՀ ինքնիշխան պետութիւն լինելու եւ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերեալ։
Բայց, ի տարբերութիւն Փաշինեանի, Վրաստանի իշխանութիւնները յայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթոյլատրելիութեան մասին։
Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատւաւոր նախագահ Բիձինա Իւանիշւիլին մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նոյնիսկ հրաժարւեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկեան պաշտօնեաների հետ։
Վրացական իշխանութեան նման վարքագիծը ստիպեց Արեւմուտքին հայեացքն ուղղել դէպի Հայաստան։
Հաւաքական Արեւմուտքը սկսեց անթաքոյց ուղղորդել ՀՀ իշխանութիւններին եւ մենք ականատես եղանք իշխանական «փաղանգի» արեւմտամէտ յայտարարութիւնների։
Բաց տեքստով Օ՚Բրայէնը խօսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անհրաժեշտութեան մասին, որ պէտք է դէմ լինէր ՌԴ-ի, Իրանի եւ Չինաստանի շահերին։
Հարկ է նշել, որ նման յայտարարութիւններով ամերիկեան պաշտօնեան փաստում էր, որ վերջին 2.5 տարիների զարգացումները հայ-ադրբեջանական յարաբերութիւնների շուրջ ու այդ թւում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինեանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս, դա Վաշինգտոնի ծրագրւած քաղաքականութեան մի մասն էր Հարաւային Կովկասում։
Ակնյայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհաւանական էր, քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին յանձնելուց յետոյ Արեւմուտքի ձեռքերն ազատւում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։
Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանութիւններն էին՝ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թէզը։
Ուստի Արեւմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունաւոր յեղափոխութիւն, իսկ 2020-2023 թթ. նաեւ նիկոլիզմի օժանդակութեամբ իրականացրին Արցախի յանձնման ու հայաթափման օպերացիան։
Անվիճելի է, որ Արեւմուտքին Հայաստանը պէտք է միայն որպէս գործիք Իրանի եւ ՌԴ-ի դէմ։
Եւ Իրանում սա շատ լաւ հասկանում են։
Ու պատահական չէ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ «օտար պետութիւնները չպէտք է միջամտեն հարեւանների յարաբերութիւններին ու որ «Զանգեզուրի միջանցք»-ը չի բխում ՀՀ շահերից»։
Գաղտնիք չէ, որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհութիւնն է յայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դէմ։
Իրանը կտրականապէս դէմ է այդ միջանցքին, շատ լաւ հասկանալով, որ միջանցքը սպասարկելու է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։
Հէնց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդը կարծիք յայտնել, ըստ որի Ղարաբաղեան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անւանում են ոչ թէ «Զանգեզուրի միջանցք» կամ «Հայկական խաչմերուկ», այլ «Թուրանական միջանցք»։
Նման իրավիճակում հաւանական է դառնում Մոսկւա-Թեհրան-Պեկին ռազմավարական ալեանսի ձեւաւորումը, որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաեւ Հայաստանը։
Բայց միայն ազգային, պետական ու արհեատավարժ փորձառու իշխանութիւն ու քաղաքական դերակատարներ ունենալուց յետոյ»,- գրել է նա: