ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատել Արցախի ղեկավարութեանը եւ միւս ռազմագերիներին

«ԱԼԻՔ» – Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում բանավէճ է տեղի ունեցել անդամ երկրներում 2024 թւականի իրավիճակի մասին։ Ինչպէս հաղորդում է Yerevan.today-ը՝ արդիւնքում՝ ընդունւել է N 2580 բանաձեւը, որում ասւում էր, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Մոնիթորինգի յանձնաժողովի աշխատանքը, որը վերահսկում է իրավիճակը 14 երկրներում։
Փաստաթուղթը մտահոգութիւն է յայտնել մի շարք երկրներում, այդ թւում՝ Ադրբեջանում եւ Վրաստանում ժողովրդավարական յետընթացի եւ մարդու իրաւունքների խախտումների կապակցութեամբ։
Մասնաւորապէս, վեհաժողովը «լուրջ մտահոգւած է Ադրբեջանում ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների հետագայ վատթարացմամբ, մասնաւորապէս՝ շարունակւող բռնաճնշումները քաղաքական ու քաղաքացիական ակտիւիստների, լրատւամիջոցների ներկայացուցիչների եւ իշխանութեան այլ քննադատների նկատմամբ»։
Բանաձեւը կոչ է անում իշխանութիւններին դադարեցնել հետապնդումները եւ անյապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանաւորւած են քաղաքական դրդապատճառներով։
Իշխանութիւններին կոչ է արւում փոխել քաղաքական կուսակցութիւնների, լրատւամիջոցների եւ հասարակական կազմակերպութիւնների մասին օրէնքները՝ հաշւի առնելով Վենետիկի յանձնաժողովի առաջարկութիւնները։
Վեհաժողովը նաեւ խստօրէն դատապարտում է իշխանութիւնների հրաժարումը՝ համագործակցել Եւրոպայի խորհրդի Խոշտանգումների դէմ կոմիտէի հետ։
Բացի այդ, վեհաժողովը դատապարտել է ԵԽԽՎ-ին 2024 թ. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների դիտորդական առաքելութիւն հրաւիրելու մերժումը։
«Միջազգային դիտորդների կարծիքով՝ այս ընտրութիւնները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրութիւնների միջազգային չափանիշներին եւ անցկացւել են խօսքի, հաւաքների եւ միաւորումների ազատութեան սահմանափակումների պայմաններում»։
«Վեհաժողովը խստօրէն դատապարտում եւ անընդունելի է համարում 2024 թ. օգոստոսին Ադրբեջանի արտգործնախարարութեան յայտարարութիւնն այն մասին, որ ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք կողմ են քւէարկել ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնների կասեցմանը, համարւել են պերսոնա նոն գրատա»։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանութիւններին անյապաղ վերացնել այս արգելքը եւ կառուցողական երկխօսութիւն սկսել Եւրոպայի խորհրդի մարմինների հետ բոլոր չլուծւած հարցերի շուրջ։
Նշւել է նաեւ, որ ԵԽԽՎ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը Արցախի ղեկավարութեան եւ այլ ռազմագերիների հարցում՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել այդ մարդկանց։