ՄիջազգայինՔաղաքական

Արեշեւ. «Ռուսաստանը հազիւ թէ հեռանայ Հարաւային Կովկասից»

«ԱԼԻՔ» – Կարծում եմ՝ Ռուսաստանը լիովին չի հեռանում եւ հազիւ թէ հեռանայ Հարաւային Կովկասից, քանի որ ՌԴ-ն ինքն էլ կովկասեան երկիր է։ News.am-ի հետ զրոյցում յայտարարել է ռուսաստանցի քաղաքագէտ Անդրէյ Արեշեւը։

Նա պարզաբանել է, որ փոխշահաւէտ տնտեսական նախագծերը, որոնք Ռուսաստանը փորձում է իրականացնել տարածաշրջանում իր հարեւանների հետ, երկարաժամկէտ են։ «Ուրիշ բան, որ հարցի ռազմաքաղաքական եւ քաղաքական-դիւանագիտական կողմերը ենթակայ են որոշակի ճշգրտումների։ Բայց միեւնոյն ժամանակ, մենք հիանալի հասկանում ենք, որ ոչինչ յաւերժ չէ»,- յաւելել է Արեշեւը։ Փորձագէտը չի բացառել, որ Բաքւի եւ Երեւանի հետ երկխօսութեան սառեցումը, տարբեր գործօնների եւ հանգամանքների ազդեցութեան տակ, կարող է փոխարինւել աւելի դրական միտումներով։

Նրա կարծիքով՝ ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումը պայմանաւորւած է մի շարք հանգամանքներով։

«Մասնաւորապէս, սրացումը կապւած է Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականութեան հետ, որը վերջերս կողմնորոշւել է ոչ այնքան դէպի Ռուսաստան, որքան դէպի Թուրքիա եւ, մասամբ, դէպի Մեծ Բրիտանիա։ Բաքուն վերջինիս հետ կապւած է լուրջ թելերով, այդ թւում՝ ֆինանսական եւ տնտեսական համագործակցութեամբ։ Եւ որտեղ կայ մեծ գումար, էներգետիկ եւ արտահանման խողովակաշարեր, որոնք British Petroleum-ի վերահսկողութեան տակ են, այնտեղ կայ մեծ քաղաքականութիւն։

Երկրորդ գործօնը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Ղարաբաղից եւ Բաքւի պայմաններով Ղարաբաղի հարցի ընդհանուր փակումը, որն ամրապնդել է այդ երկրի դիրքերը Մոսկւայի հետ երկխօսութեան մէջ։

Երրորդ գործօնը մի շարք միջադէպեր են, դրանց թւում՝ «Ադրբեջանի աւիաուղիներ» աւիաընկերութեան ինքնաթիռի կործանումը, Եկատերինբուրգի յայտնի իրադարձութիւնները, Ուկրաինայում Socar նաւթագազային ընկերութեան ենթակառուցւածքների շուրջ վերջին միջադէպերը։

Այդ ամէնը Բաքւին նկատելիօրէն նեարդայանացնում է։ Կարծում եմ՝ այնտեղից լսւող ռազմատենչ յայտարարութիւնները կը հաստատւեն իրական գործողութիւններով»,- պարզաբանել է քաղաքագէտը։ Միաժամանակ նա նշել է, որ ըստ պաշտօնական տւեալների՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ առեւտուրն ու ներդրումները 2025 թւականին առանձնապէս չեն տուժել։

Ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների վատթարացումն, ըստ Արեշեւի, կարող է անդրադառնալ ռուս-հայական յարաբերութիւնների վրայ՝ դրանց վատթարացման առումով։

«Դա կարելի է տեսնել Շիրակում ռուսական ռազմաբազայի դէմ օգոստոսի 23-ին նախատեսւած բողոքի ցոյցերի օրինակով։

Տպաւորութիւն է ստեծղւում, որ այդ գործողութիւններին այս կամ այն կերպ աջակցում է Ադրբեջանը։ Ինչպէս յայտնի է, Բաքուն պնդում է Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան։ Հաշւի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ փոխգործակցութեան եւ գործողութիւնների համակարգման աստիճանը՝ կարծում եմ՝ այդ ուղղութեամբ հետագայ քայլերը բացառւած չեն»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button