Մշակութային

Մկրտիչ Սարգսեան

(Նշխարներ՝ անմահութիւն գնացողից)

Օրերի աղմուկի մէջ մենք յաճախ մոռանում ենք նրանց, ովքեր մեր կողքին անաղմուկ կրում են իրենց խաչը… Բայց եւ նրանք, անկախ մեր մոռացումից, թողնում են իրենց ոգեղէն յետագիծը, որպէս նշխար՝ իրենցից յետոյ ապրողներիս համար։

Հետահայեաց ժամանակների միջից այսօր ահա, ուզում եմ խօսել այն նշխարների մասին, որ մնացել են մեզնից առաջ, նաեւ՝ շատերիս օրերի հետ երբեւէ զուգահեռ իր խաչն անաղմուկ կրող մտաւորական գրողի հոգեկանչ երգերից։ Եւ ինչո՞ւ եմ այսքան յուզումնառատ սիրով անում այդ, որովհետեւ մի ափաչափ գիրք է ձեռքիս մէջ, որ տիեզերաչափ կարօտներ ունի իր ներսում։ Իսկ կարօտը տառապեցնող, բայց եւ վեհացնող զգացում է, ասել է թէ՝ վեհին ու վերին ոլորտներին հասցնող զգացում, որի յետեւից էլ այսօր, թողնելով իմ շուրջը եղած բազմաբնոյթ աղմուկները, ափիս մէջ եղած գրքի միջով ահա, գնում եմ բանաստեղծի ձայնի յետեւից։

Մկրտիչ Սարգսեանի «Աստղաբոյլ» կոչւող բանաստեղծութիւնների ժողովածուն է ձեռքիս, որ հրատարակւել է 1983 թւականին։ Մի քնարական ու գեղեցկագոյն կարօտ կայ այստեղ, աւելի շուտ՝ կարօտագոյն աստղիկներ են դրանք, որ ներծծւում են հոգուդ մէջ, երբ այս խառնիճաղանջ օրերի մէջ անաղմուկ ու լուռ մի անկիւն գտնելով, բացում ես հոգիդ այդ աստղաբոյլի առաջ։ Կարօտն այստեղ ծաղիկներ է տւել բանաստեղծի ուսած խաչի թեւերին, հեքիաթային ծաղիկներ, որոնց արմատները մանկութեան զովաշունչ օրերի, ջահէլութեան հոգեթով սէրերի ու հասունութեան ափսոսախառն խոհերի մէջ են։

Եթէ հատիկ-հատիկ մօտենանք այդ ծաղիկներին, խոնարհւենք նրանց վրայ, կը զգանք, որ, իսկապէս, բոյրն արմատներից է գալիս՝ իրական հողում, իրական գոյութեամբ, իրական յոյսով, սիրով ու հաւատով սնւած արմատներից։

Մկրտիչ Սարգսեանի կեանք-երգի արմատները, ժամանակի խելայեղ ու տարատեսակ պաշտամունքների ֆոնին, ծաղիկներ են տւել որպէս բանաստեղծութիւններ, ու այդ կեանքաթերթ ծաղիկների տակ հանդարտօրէն շնչող նրանց արմատները զրուցում են քեզ հետ՝ մարդուն տրւած առաքելութիւնների մասին։ Արմատից մինչեւ ծաղիկ՝ երգեր են հոսում կեանքի մասին։

Եթէ արմատ չունենաս, չես ունենայ եւ երգ, չես ունենայ ծաղիկ, ուրեմն՝ իզուր ես փորձում մտնել Աստծոյ տուն։ Ահա անմահութիւն տանող ճանապարհի համար մի ոգեղէն նշխար, որ աստղ է մեզ համար՝ «Աստղաբոյլ»-ի մէջ, իբրեւ զրնգուն հետագիծ սեփական խաչով առաջանալու համար։ Ասել է, թէ երգն ինքը կեանք է, եւ կեանքը երգ է, սեփական խաչն ունեցողին առաջ տանող երգ։ Բաց թողնել երգելու պահը, նշանակում է բաց թողնել լիարիւն, լիարժէք, բարեշէն ապրելու աստւածային կանչը, որն էլ բանաստեղծի համար ամենամեծ մտահոգութիւնն է.

Երգը՝ կարօտի արդար զաւակ է,
Երգը՝ մերժումի եւ սիրոյ ցաւ է,
Երգը՝ շեփոր ու զօրահաւաք է,
Երգը՝ Աստծոյ ջահէլութիւնն է,
Պոռթկումը՝ արեան, եւ մահւան՝ մահը։
Ո՞ւր ես մտնում դու Աստծոյ տունը,
Երբ բաց ես թողել երգելու պահը։

«Կիզուն կրակների» միջով անցած բանաստեղծը հաշտ է իր երգող հոգու հետ, թէպէտ, «կոտրած շւի» է անւանում այն ու «մի ժպիտ տամուկ»։

Մկրտիչ Սարգսեան բանաստեղծի աստղաբոյլ ոգեղէն հետագիծը նշխարաշատ է ու նշխարահամ, կեանքի համն է այնտեղ, որ ծանր է ուսած խաչի պէս, բայց եւ՝ խաչածաղիկ է այնքան… Ահա մէկը, միւսը, յետոյ էլի մէկը ու այսպէս՝ կեանքի խաչից ծնւած, խաչածաղիկ նշխարներ…

Ահա առանց յոգնել ապրելու, արարելու, ստեղծելու, չկոտրւելու ձգտման մի անկեղծ փայլատակում.

Բոցավառի իմ խենթ սրտում երգ ու տաղեր, սէր ու խանդ,
Որ գարունքւայ կոկոնի պէս նորից ժպտամ ու բացւեմ,
Ձմեռների տառապանքից դէպի գարուն համբարձւեմ,
Խառնեմ կեանքի ու երազի սահմանները տիրական,
Եւ հաւատամ անուրջներին, ինչպէս կեանքին իրական։

Եւ միթէ նշխար չէ մեզ համար այս ապրւած խօսքը, հոգուց բանաստեղծօրէն թռած երգը, որ կանչում է ընթերցողին՝ հեռու վանել թոյլ ու անուժ լինելու կեանքի պարտադրանքները, յիշեցնելով, որ կեանքն անցողիկ է, ախր այն շատ է ժամանակաւոր։ Բանաստեղծն զգուշացնում է յետ մնալուց, անցեալը փորփրելով կեանքը կորցնելուց.

Աշունն է նստել քո դռան առաջ,
Եւ սիրտդ է մրսում, եւ քո երգերը,
Իզուր կը լինի անցեալին կառչել,
Արթնացնել կրկին անքուն վէրքերը…

Բայց, իսկապէս, եթէ կայ խաչը, պէտք չէ յետ դառնալ ու խճճւել մանրուքների մէջ, այլ՝ ծաղկեցնել է պէտք այն գեղեցիկ թռիչքներով.

Թոյլ է սիրտդ արդէն, թեւերդ անզօր,
Էլ հնար չունես նժոյգ սանձելու,
Մի վերջին ճիգով քո սիրտը այսօր,
Նետում ես սիրոյ հրում խանձելու…

Եթէ վերադարձ, ուրեմն՝ երգին, գարնանն ու կեանքին՝ «Այս թանկ աշխարհում, այս արեւի տակ»։

Մկրտիչ Սարգսեանի բանաստեղծական հետագիծը այս «Աստղաբոյլ»-ի մէջ, երբեմն աստղի երազայնութիւն ու ափսոսանքի ցաւ ունի, որ մարգարտանում է գեղեցիկ պատկերների մէջ.

Տէ՜ր իմ Աստւած, նայիր ու տես,
աշունն անձրեւ է մանում,
Եւ իմ սիրոյ թափուր այգուց
իմ յուշերը լւանում.
Կամ՝
Այս իրիկուն անձրեւ եկաւ,
Թրջեց հանդ ու արօտ։
Պատուհանիս տակ հեկեկաց
Մի որբացած կարօտ։

Մկրտիչ Սարգսեանի կարօտի երգերը, կամ երգերի մէջ արթնացած կարօտները տիեզերական զգացողութիւններ են՝ կեանքն իր հոգու ողջ ծալքերով ապրած ու նրա անցաւորութեան մէջ տիեզերականութիւնը յայտնաբերած մարդու ապրումներ։

Ո՞վ է ինձ յիշում այնտեղ,
Ո՞վ է կանչում՝ արի տուն,
Ախ, կարօտներ իմ անտէր,
Ախ, երազներ իմ անտուն։

Այս բանաստեղծութեան հայելու մէջ նայողն առաջին պլանում միայն զգայուն հոգուն բաց չթողնող մանկութեան եզերքն է նկատում, բայց այն աւելին է՝ որպէս տիեզերքի հետ միաւորման ձգտում։ Այդպէս են ընթերցողի առջեւ իբրեւ խաչաթեւ ծաղիկներ հատիկ առ հատիկ բացւում տիեզերական միասնութեան երանութիւնների մասին վկայող Մկրտիչ Սարգսեանի բանաստեղծական տողերը.

Սարերի հովը երգ է օրօրում,
Իսկ սիրտդ, սիրտդ երգի ձայնին է,
Դու Աստծուն ես քո մէջ որոնում,
Եւ յայտնագործում աստւածայինը…
Եւ, երբ թեւաւոր երգն է սաւառնում,
Սարերը յանկարծ մաղում են արծաթ,
Եւ Աստծոյ հետ դու Աստւած ես դառնում,
Եւ քոնն է դառնում տիեզերքն անծայր…

Մկրտիչ Սարգսեանը իր գրական, հասարակական վաստակով որպէս կեանքի վերն ու վարը, կեանքի էութիւնը տեսած ու հասկացած անհատ, նրա անցողիկութեան ծանր երեւոյթի մէջ մխիթարւել է իր հոգու երգաձայն ապրումներով, որոնք ինքնամփոփման պահեր են եղել, եւ որոնք նրան ո՛չ խելայեղ սնապարծութիւնների են տարել, ո՛չ էլ կոտրել են նրա մէջ եղած կեանքի սէրն ու մարդուն։ Հէնց այդպիսին էլ յառնում է «Աստղաբոյլ»-ով ներկայացող նրա ոգեղէն հետագիծը։ Իր երգերով նա զրուցել է ինքն իր հետ, ժամանակի հետ, կեանքի ու մահւան հետ, հոգու լոյսերը միշտ վառ ունենալու, դրանք իր մարդկային առաքելութեան արմատից սնւող ծաղիկների պէս հատիկ առ հատիկ իր շուրջը բաժանելու հնարաւորութիւններով բաւարարւած։

Քո կեանքը հարթ չի անցել. անկում, վերելք է եղել,
Եւ չի շոյել բախտը քեզ, խինդիդ մէջ վէրք է եղել,
Ցաւիդ մէջ դառը ծիծաղ, կատակիդ մէջ արտասուք,
Եւ բոլորը, բոլորը քեզ համար երգ է եղել…

Այդ երգերն են, որ «Աստղաբոյլ»-ի մէջ մեզ ներկայանում են որպէս անմահութիւն գնացողի ուսած խաչին աճած ծաղիկներ, որոնց բոյրն, իսկապէս, արմատների մէջ են, այսինքն՝ կեանքի բոյրն ունեն, կեանքային են այնքան, որքան մարդկային իր առաքելութեան արժէքն իմացող բանաստեղծի կեանքի անցած ճանապարհն է։

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ

(Ֆելիքս Բախչինեանի «Ֆէյսբուք»-եան էջից)

Related Articles

Back to top button