Ամերիկացի մասնագէտները յայտարարել են քաղցկեղի բուժման նոր մեթոդ ստեղծելու մասին
University of Miami-ի կենսաբանները յայտարարել են քաղցկեղի բուժման նոր մեթոդի ստեղծման մասին, որն ուղղւած է կրծքի քաղցկեղի եւ նրա մետաստազների, ներառեալ նրանք, որոնք թափանցում են ուղեղ, դէմ պայքարին։ Նրանց մշակած նանոմասնիկները կարող են յաղթահարել արեան հոսքի եւ ուղեղի միջեւ պատնէշը, որը սովորաբար խոչընդոտում է այն բանին, որ շատ դեղեր հասնեն գլխուղեղի թիրախային բջիջներին, տեղեկացրել է համալսարանի կայքը։
Նանոմասնիկները կենսաքայքայւող պոլիմերներ են՝ լցւած երկու հակաքաղցկեղային դեղամիջոցներով, որոնք նպատակ ունեն քայքայել ուռուցքային բջիջները, տեղեկացրել է Planet Today-ը։ Այս մօտեցումը աչքի է ընկնում նրանով, որ գրոհում է ոչ միայն կաթնագեղձի նախնական քաղցկեղը, այլեւ մետաստազները, որոնք թափանցել են ուղեղի հիւսւածք։
Մշակւած նանոմասնիկներն ունեն օպտիմալ չափեր եւ կառուցւածք, ինչը թոյլ է տալիս նրանց թափանցել հեմատոէնցեֆալային պատնէշ, որը սովորաբար պաշտպանում է ուղեղը շատ մոլեկուլներից։ Դա նոր հնարաւորութիւններ է բացում դեղերի հասցէական «առաքման» համար ուղեղի հիւսւածքներին, ինչը թոյլ է տալիս աւելի արդիւնաւէտ բուժել ինչպէս նախնական ուռուցքները, այնպէս էլ դրանց մետաստազները։
Պրոֆեսոր Շանտա Դհարը եւ նրա գործընկերները մշակել են այդ նանոմասնիկները՝ դրանք լցնելով ցիսպլատինի եւ Mito-DCA նիւթի մոդիֆիկացւած ձեւով, որն արգելակում է քաղցկեղային բջջի միտոխոնդրիաների աշխատանքը։ Մկների վրայ կատարւած փորձերում այդ նանոմասնիկները ցուցադրել են ուղեղի եւ մարմնի այլ հիւսւածքների ուռուցքների չափերը փոքրացնելու, ինչպէս նաեւ կենդանիների ողջ մնալու հաւանականութիւնը մեծացնելու ունակութիւն։
Այս նոր մօտեցումը հեռանկարներ է բացում կրծքի քաղցկեղի (ուղեղում մետաստազներով) աւելի արդիւնաւէտ բուժման համար՝ յոյս ներշնչելով նոր թերապիայի մեթոդների մշակման համար։ Հետազօտութեան արդիւնքները կարող են հսկայական նշանակութիւն ունենալ քաղցկեղի եւ ուղեղում մետաստազների հետ կապւած այլ հիւանդութիւնների բուժման համար։