Հասարակական

Իրանում կանանց մոտոցիկլետի վարորդական իրաւունքի հարցը. օրէնքից մինչեւ իրականութիւն

Իրանում կանանց մոտոցիկլետ վարելու հարցը երկար տարիներ մնացել է օրէնքի, հասարակական պատկերացումների եւ իրական կեանքի պահանջների միջեւ։

Թէեւ քաղաքային կեանքի փոփոխութիւնները եւ տրանսպորտային խնդիրները աստիճանաբար մեծացրել են կանանց կողմից մոտոցիկլետի օգտագործումը, իրաւական կարգաւորումները երկար ժամանակ չեն հասցրել այդ փոփոխութիւններին։ Վերջին շրջանում Իրանի կառավարութեան նոր որոշումը փորձում է լուծում տալ այս երկարատեւ խնդրին եւ ճանապարհ հարթել կանանց համար մոտոցիկլետի վարորդական իրաւունքի պաշտօնական տրամադրման ուղղութեամբ։

Տարիներ շարունակ Իրանում մոտոցիկլետը հիմնականում ընկալւել է որպէս տղամարդկանց համար նախատեսւած փոխադրամիջոց։ Քաղաքների փողոցներում այն հիմնականում օգտագործում էին աշխատանքային նպատակներով՝ առաքիչները, բանւորները կամ ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդները։ Այդ պատճառով էլ հասարակական որոշ շրջանակներում այն համարւում էր «կոպիտ» կամ կանանց համար ոչ համապատասխան միջոց։

Սակայն վերջին տասնամեակում քաղաքային կեանքի արագ փոփոխութիւնները, երթեւեկութեան ծանրաբեռնուածութիւնը, տրանսպորտի ծախսերի աճը եւ կանանց աշխոյժ ներկայութիւնը աշխատաշուկայում փոխեցին իրավիճակը։ Շատ կանայք սկսեցին մոտոցիկլետ օգտագործել աշխատանքի, ուսման կամ առօրեայ գործերի համար՝ այն դիտելով որպէս արագ եւ տնտեսող փոխադրամիջոց։

Չնայած այս փոփոխութիւններին՝ իրաւական համակարգում դեռեւս առկայ էին սահմանափակումներ։ 2010 թւականին ընդունւած ճանապարհային խախտումների մասին օրէնքի 20-րդ յօդւածի ենթակէտում նշւում էր, որ մոտոցիկլետի վարորդական իրաւունքը տրամադրւում է «տղամարդկանց»։ Այդ ձեւակերպումը տարիներ շարունակ դարձաւ այն իրաւական հիմքը, որով ճանապարհային ոստիկանութիւնը չէր կարող կանանց տրամադրել վարորդական իրաւունք։ Ոստիկանութեան պաշտօնեաները բազմիցս նշել են, որ իրենք պարզապէս օրէնքի կատարողն են եւ առանց օրէնսդրական փոփոխութեան չեն կարող նման իրաւունք տրամադրել։

Արդիւնքում ստեղծւել էր իւրօրինակ հակասութիւն։ Մի կողմից՝ օրէնքը չէր պարունակում կանանց մոտոցիկլետ վարելու բացայայտ արգելք, միւս կողմից՝ նրանց չէր տրամադրւում վարորդական իրաւունք: Այս իրավիճակը բերեց նրան, որ բազմաթիւ կանայք քաղաքներում մոտոցիկլետ էին վարում առանց պաշտօնական թոյլտւութեան՝ ենթարկւելով տուգանքների եւ իրաւական խնդիրների վտանգին։

Իրաւաբանների կարծիքով այս բացը նաեւ այլ խնդիրներ է առաջացնում։ Առանց վարորդական իրաւունքի վարելը քրէական պատասխանատւութիւն կարող է առաջացնել, իսկ վթարի դէպքում վարորդը կարող է զրկւել ապահովագրական փոխհատուցումից։ Բացի այդ, առանց պաշտօնական ուսուցման եւ քննութեան բազմաթիւ վարորդներ չեն անցնում անվտանգութեան անհրաժեշտ պատրաստութիւն, ինչը կարող է ազդել ընդհանուր ճանապարհային անվտանգութեան վրայ։

Այս իրավիճակը փոխելու նպատակով Իրանի կառավարութեան կողմից վերջերս ընդունւել է նոր որոշում։ Ըստ այդ որոշման՝ երկրի ոստիկանութեան ճանապարհային վարչութիւնը պարտաւորւում է կազմակերպել կանանց համար մոտոցիկլետի վարորդական ուսուցում եւ քննութիւն։ Ուսուցումը պէտք է իրականացւի կին հրահանգիչների կողմից, իսկ քննութիւնները հնարաւորութեան դէպքում անցկացւեն կին տեսուչների կողմից՝ անհրաժեշտութեան դէպքում ներգրաւելով նաեւ տղամարդ քննիչների՝ համապատասխան պայմանների պահպանմամբ։

Նոյն որոշման մէջ նաեւ ընդգծւում է էլեկտրական մոտոցիկլետների արտադրութեան եւ օգտագործման խթանումը՝ օդի աղտոտումը նւազեցնելու նպատակով։ Նախատեսւում է զարգացնել նման տեխնոլոգիաների արտադրութիւնը եւ ապահովել անվտանգութեան համապատասխան սարքաւորումներ՝ սաղաւարտներ եւ այլ անհրաժեշտ միջոցներ։

Չնայած կառավարութեան որոշմանը՝ դրա լիարժէք իրականացումը դեռեւս ժամանակ է պահանջում։ Որոշ պաշտօնեաների գնահատմամբ, վերջին ամիսների քաղաքական եւ ռազմական լարւածութիւնը եւս ազդել է գործընթացի արագութեան վրայ։ Այնուամենայնիւ ակնկալւում է, որ մօտ ապագայում կանայք նոյնպէս կը կարողանան անցնել պաշտօնական ուսուցում եւ ստանալ մոտոցիկլետի վարորդական իրաւունք։

Այս քայլը կարող է ոչ միայն նւազեցնել իրաւական անորոշութիւնը, այլ նաեւ բարձրացնել ճանապարհային անվտանգութեան մակարդակը եւ նւազեցնել խտրականութեան զգացումը հասարակութեան մէջ։ Միաժամանակ իրաւաբանների շրջանում դեռ քննարկւում է հարցը՝ արդեօք ապագայում անհրաժեշտ կը լինի օրէնքի համապատասխան յօդւածի յստակ փոփոխութիւն, թէ կառավարական նոր մեկնաբանութիւնն արդէն բաւարար հիմք կը լինի գործընթացի շարունակականութեան համար։

Ամէն դէպքում ակնյայտ է, որ երկար տարիներ «օրէնքի լռութեան» եւ հասարակական պահանջի միջեւ մնացած այս հարցը այժմ մտնում է նոր փուլ, որտեղ պետական քաղաքականութիւնը փորձում է համահունչ դառնալ հասարակութեան իրական փոփոխութիւններին։

Related Articles

Back to top button