Մինչեւ քանի՞ տարեկանն են 12-րդ դասարանի տղաները ազատւած զինծառայութիւնից

Տարեվերջի քննութիւնների եւ բուհական ընդունելութեան քննութեան (կոնկուրս) անցկացման շուրջ առաջացած անորոշութիւնը հարցեր է բարձրացրել 12-րդ դասարանի տղայ աշակերտների ուսումնական տարկետման (զինծառայութիւնից ժամանակաւոր ազատւելու) ժամկէտների վերաբերեալ։ Հարցի վերաբերեալ պարզաբանումներ է ներկայացրել Իրանի կրթութեան նախարարութեան միջնակարգ կրթութեան վարչութեան կանոնակարգերի ղեկավար Եաղուբ Մոհամմադին։
Նա նշել է, որ միջնակարգի երկրորդ փուլի տղայ աշակերտները, երբ անցնում են 19 տարեկանին (18 տարեկան + 1 օր), համարւում են զօրակոչի ենթակայ։ Սակայն նրանք կարող են շարունակել ուսումը՝ պայմանով, որ ստանան ուսումնական տարկետում զինւորական ծառայութիւնից։ Դրա համար անհրաժեշտ է դիմել Զինւորական պարտադիր ծառայութեան կազմակերպութեանը եւ ստացւած համապատասխան վկայականը ներկայացնել դպրոց։
Մոհամմադին ընդգծել է, որ օրէնքի համաձայն աշակերտները կարող են սովորել մինչեւ 20 տարեկան դառնալը։ Եթէ աշակերտը ուսումնական տարւայ սկզբից արդէն մտնում է 20 տարեկանի շրջան, նրան թոյլատրւում է աւարտել այդ ուսումնական տարին՝ առանց ուսումնական տարկետման խնդիրների։ Այդ ընթացքում նա կարող է նաեւ մասնակցել բուհերի ընդունելութեան քննութեանը եւ, ընդունւելու դէպքում, շարունակել ուսումը համալսարանում։
Սակայն եթէ աշակերտը չի ընդունւում համալսարան կամ չի գրանցւում որեւէ բուհում, ապա յաջորդ ուսումնական տարում պարտաւոր է ներկայանալ զինւորական ծառայութեան։
Պաշտօնեան նաեւ անդրադարձել է այն շրջանաւարտներին, որոնք աւարտում են դպրոցը, սակայն տարբեր պատճառներով չեն մասնակցում ընդունելութեան քննութեանը։ Նրա խօսքով՝ դպրոցն աւարտելուց յետոյ տղաներն ունեն մինչեւ մէկ տարի ժամանակ՝ իրենց զինւորական ծառայութեան վարժութեանը ներկայացնելու համար։ Եթէ այդ մէկ տարւայ ընթացքում նրանք ընդունւեն համալսարան, կարող են կրկին օգտւել ուսումնական տարկետումից։
Միաժամանակ նա նշել է, որ երկրի յատուկ պայմաններում, օրինակ՝ արտակարգ իրավիճակների կամ այլ անսովոր հանգամանքների դէպքում, հնարաւոր է ժամկէտների փոփոխութիւն։ Օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի տարիներին որոշ շրջանաւարտներ չկարողացան մասնակցել ընդունելութեան քննութեանը եւ այն անցկացրին յաջորդ տարում։ Այդպիսի դէպքերում զինւորական ծառայութեան կազմակերպութիւնը յաճախ երկարացնում է ներկայացման ժամկէտը՝ լրացուցիչ հնարաւորութիւն տալով երիտասարդներին։
Մոհամմադին յաւելել է, որ սովորական պայմաններում դպրոցն աւարտած տղաները երկու անգամ հնարաւորութիւն ունեն մասնակցելու ԲՈՒՀ-ական ընդունելութեան քննութեանը՝ առաջինը աւարտելու նոյն տարում եւ երկրորդը՝ յաջորդ տարի։ Սակայն ներկայիս պայմաններում հնարաւոր է, որ այդ հնարաւորութիւնը սահմանափակւի մէկ անգամով, թէեւ վերջնական որոշումը պէտք է կայացնի զինւորական ծառայութեան կազմակերպութիւնը։
Նա նաեւ նշել է, որ այն աշակերտները, որոնք ժամանակաւորապէս թողել են ուսումը, բայց մէկ տարուց պակաս վերադարձել են կրթական համակարգ, կարող են շարունակել ուսումը կրթութեան վարչութեան յատուկ յանձնաժողովի թոյլտութեամբ։ Այդ դէպքում նրանք նոյնպէս կարող են օգտւել ուսումնական տարկետումից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ զինւորական ծառայութեան կազմակերպութեանը։
Վերջում պաշտօնեան ընդգծել է, որ ուսումնական տարկետման վերաբերեալ համապատասխան հրահանգները արդէն ուղարկւել են դպրոցներին, եւ նոր գրանցման ուղեցոյցում եւս նախատեսւած է յատուկ բաժին, որպէսզի դպրոցները անհրաժեշտ տեղեկատւութիւնը փոխանցեն աշակերտներին։



