Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վեհափառ. Պարտաւոր ենք շարունակել հետամուտ լինել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել Յաղթանակի օրւայ կապակցութեամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Յաղթանակի եւ խաղաղութեան օրւայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփիւռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ յիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զաւակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ արցախեան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտւած փառաւոր յաղթանակը վկայութիւնն է ժողովուրդների համախմբեալ եւ միասնական պայքարի ընդդէմ ֆաշիզմի, ընդդէմ անարդարութեան եւ չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարեւոր աւանդն է ունեցել այս յաղթութեան մէջ։

Տասնամեակներ շարունակ այս օրը մեզ համար նշանաւորւել է նաեւ արցախեան գոյամարտի յաղթանակով։ Այսօր, երբ բռնազաւթւած եւ հայաթափւած է Արցախը, պարտաւոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկւած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը։ Անցեալի այս իրադարձութիւնները մեզ պէտք է ամուր եւ հաստատակամ պահեն զօրեղ ու անվտանգ պետութեան կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Յաղթանակի եւ խաղաղութեան օրը մեզ պէտք է յիշեցնի դժւարին այդ օրերին մեր ժողովրդի դրսեւորած միասնականութեան, քաջարի ոգու եւ յանուն ազգի ու հայրենիքի, յանուն խաղաղութեան մեր հերոսների զոհողութեան մասին։ Այս նւիրական օրն իր խորհրդով նաեւ պէտք է ամրապնդի մեզանում նախանձախնդրութիւնն ու պարտաւորութիւնը հոգատարութիւն դրսեւորելու պատերազմի վետերանների, զոհւածների եւ անյայտ կորածների ընտանիքների հանդէպ։

Աղօթում ենք Մեծ հայրենականում եւ արցախեան հերոսամարտում իրենց կեանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրութիւնն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նոյն պատասխանատւութեամբ ու նւիրումով ապրելու, արարելու եւ պայքարելու ի սէր հայրենի մեր երկրի։

Առ Բարձրեալն աղօթքով հայցում ենք աշխարհին խաղաղութիւն եւ ժողովուրդներին՝ բարօրութիւն: Թող Յարուցեալ Տէրն Իր Աջի հովանու ներքոյ անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ յուսով եւ հաւատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն։

Related Articles

Back to top button