Գրագէտ մարդը վերացել է…
Գրագէտ լինելը անցեալ դարում նշանակում էր լինել յարգւած։ Երբեմն դա շատ աւելին էր նշանակում։ Յիշենք Գարսիա Մարկէսի խօսքը, թէ՝ իր գրելու միակ պատճառն այն է, որ ուզում է սիրւած լինել։ Գրագէտ մարդն ամենուր ուշադրութեան կենտրոնում էր։ Դպրոցում լինէր, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամւայի կանգառում, թէ գնչուական թաղամասում։ Գրագէտ ասելով նկատի չունեմ քերականութիւն իմացողին։ Նկատի չունեմ նաեւ ժամանակակից տեղեկատւական յեղափոխութեան ստեղծած ուրւականին։
Անցեալ դարում, երբ ինչ-որ մէկին գրագէտ էին անւանում, նկատի էին ունենում մի մարդու, որի վերեւում ամպը ճախրում էր՝ նրա գլուխը ծածկելով մեծ գաղտնիքի պէս, եւ այդ ամենի յետեւում նրա ոչ պակաս մարդկային արժանիքների մի ամբողջութիւն էր։ Գրագէտ մարդը կատարեալ չէր, դա՛ չէր նրա նպատակը։ Նրան մխիթարում էր անգլիական ասացւածքը, թէ՝ ոչինչ կատարեալ չէ, ոչ ոք կատարեալ չէ։ Եւ դրա բարձրագոյն մարմնաւորումը դարձաւ արգենտինացի գրող Խորխէ Լուիս Բորխէսը։
Գրագէտ մարդը վերացել է։ Նա խառնւել է տեղեկատւական աղբին… Նա չար չէր ու համաձայն չէր այն մտքի հետ, թէ, Աստւած չկայ։ Նա ծայրայեղ դէպքում կը համաձայնէր Իւնգի այն մտքին, թէ… աւելի յիմար կարող են լինել միայն նրանք, ովքեր հերքում են այն։ Գրագէտ մարդը ձգտում էր դէպի ճշմարտութիւնը, դէպի բարին ու վսեմը։ Նա ամենեւին նման խեր հակահերոսին, որը դարձել է մարմնաւորումը այն ժամանակի, որում մենք ապրում ենք։ Նա երբեք չի պատկանել իրական աշխարհին, թէեւ մենք մի ժամանակ սեղմել ենք նրա ձեռքը։ Աւելի շատ նա նման էր գրքի մի կերպարի, որ էջերից դուրս էր եկել ու կանգնել էր մեր առաջ։
Գրագէտ մարդը լի էր առաքինութիւններով։ Նա անզսպելի էր, ինչպէս Օսկար Վայլդը, ու նա կարող էր խօսքով, ինչպէս թրով, որեւէ ճաշակով բանից կտրել- դէն նետել նրա անճաշակ մասը ու ցոյց տալ մեզ մտածելու ճիշտ կերպը։
Գրագէտ մարդը ճիշտ հակառակն է մեր ժամանակի հակահերոսի, այսպէս կոչւած «սելֆի մարդու», այն ինքնասիրահարւածի, պատմութեանը չհաւատացողի, որ կորպորատիւ կապիտալիզմը ընդունել է ճակատագրի պէս ու քրտնաջան աշխատում է ապացուցել, որ իր հարեւանը կամ էլ հարեւան ժողովուրդը գրոշի արժէք չունի։ Այս հակահերոսը իր այֆոնով «սելֆի» է անում ու ուշադիր հետեւում է իր դէմքի՝ անգամ ամենամանր կնճիռների առաջացման ընթացքին։
Պատմութեամբ հաստատւած վարւեցողութեան ու բարոյականութեան նորմերը մենք միայն մեր ծնողների ճնշման տակ չէ, որ ձեռք էինք բերում։ Նոր-նոր սկսւող հոգեւոր գործընթացների գաղտնի մեխանիզմները մեզ համար բացայայտում էր գրագէտ մարդը։ Իսկ գրագէտ մարդուն ձեւաւորում էր գրականութիւնը։
Եւ այն, որ ամէն բան կորած չէ (այդպէս երբեք էլ չի լինում), հաստատում են այն մարդիկ, որոնք անապատում միայնակ թափահարւող դրօշների պէս յուշում են, որ կա՛ն, դեռ կա՛ն գրագէտներ, պարզապէս նրանց հեռացրել են մեր տեսադաշտից։
Այդ մարդիկ ճզմւած են տեղեկատւական հազարաւոր յայտնագործութիւնների, Իւթուբի, «ռէալիտի-շոուների» եւ դրանց տակ թաքնւած քաղաքական մեկնաբանութիւնների արանքում։ Ես հաւատում եմ, որ այդ դրոշմները աւելի շատ են, քան մենք կարծում ենք։ Մենք երբեմն բարեւում ենք նրանց ու չենք էլ պատկերացնում, թէ իրականում ում հետ գործ ունենք։
Երբեք այսքան գրքեր չեն եղել, մարդու համար երբեք հասանելի չեն եղել այսպիսի հսկայական ծաւալի տպագիր էջեր, եւ երբեք այսքան քիչ չեն եղել գրագէտ մարդիկ։
Այսօր ով ասես չի գրում, բայց կարդում են շատ քչերը։ Ահա թէ որն է պատճառը այն «ուրիշ» մարդու ստեղծման, որին մենք «սելֆի» ենք անւանում եւ որը պանդոկի գռեհիկ աղջկայ նման անընդհատ ցցւում է մեր աչքի առաջ։ Նա խառնում է մեր մտքերը, խանգարում է մեզ, եւ նա չի հեռանայ, մինչեւ չլինի մեծ մաքրագործում։
«Սելֆի մարդը» ստեղծւել է խճճւած պատկերացումների աղբանոցում, այն գաղափարի հիման վրայ, թէ տեղեկատւութիւն ստանալը նոյնն է, ինչ կրթութիւն ստանալը։ Նա ստեղծւել է փողի ու շահատենչութեան գերակայող գաղափարախօսութեան մետաստազների ժամանակներում, երբ միակ կարեւոր բանը այն նոյն մտահոգութեամբ ուսումնասիրւող կնճիռն է՝ դէմքի վրայ։ Սկզբում այս «սելֆին» իրականութիւնը շփոթեց ռէալիզմի հետ, որը Դոստոյեւսկին անցեալ դարավերջին համարում էր աւելի ֆանտաստիկ, քան գրականութեան միւս ուղղութիւնները… Ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞վ է չափւում այդ իրականութիւնը եւ ինչի՞ հետ է համադրւում, եթէ ոչ այն գրքերի, որոնք մենք կարդացել ենք։ Եթէ մարդը ի վիճակի չէ գոյութիւն ունեցող աշխարհը համեմատել գոյութիւն չունեցողի հետ, եթէ նա ունակ չէ ստեղծելու աշխարհի ի՛ր սեփական պատկերը, ուրեմն նա «ուրիշ մարդ» է։ Այդ «ուրիշը», ահա, ապրում է մի կեանքով, որտեղ պէտք էլ չեն տեսախցիկներ, որպէսզի ամէն ինչ վերածւի «ռէալիտի-շոուի», որի նպատակն է ապացուցել, որ մենք խարդախ ենք, գող ենք ու մեզ մշտապէս պատժել է պէտք։ Գրագէտ լինելը բանաձեւ է, որը բացում է գաղտնիքների դարպասները, որոնց մենք կարող ենք հասու լինել. օրհնութեան դարպասները, որոնց մարդը կարող է դիպչել Երկրի վրայ իր կարճատեւ ներկայութեան ընթացքում իսկ: Եթէ մարդը գրագէտ է, ուրեմն կարող է երջանիկ լինել:
Գրագէտ մարդը ձգտում է դէպի գիրքը, ինչպէս հաւատացեալը՝ Աստծուն։ Այսօր գրագէտ մարդը իր ներկայութեամբ վերածնում է անցեալի պատկերները, որտեղ ինքը ուշադրութեան կենտրոնում էր, որտեղ իրեն կարող էր տեսնել մի երեխայ եւ այդ երեխայի կեանքն ուրիշ ընթացք կունենար։ Ամէն ինչ աւելի լաւ կը լինէր։
ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱ
(Սերբ կինոռեժիսոր)
Թրգմ.՝ ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ
(«Լեզւի կոմիտէ», Երեւան)