Ֆրանսիայի սենատն ընդունեց Բաքւի դէմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերեալ բանաձեւը
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ եւ 1 դէմ ձայների յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձեւ։
Ի թիւս այլ դրոյթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը.
-Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը,
-Դատապարտում է Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցութեամբ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին եւ 20-ին իրականացւած ռազմական յարձակումը Լեռնային Ղարաբաղում,
-Կոչ է անում Ադրբեջանին երաշխաւորելու հայ բնակչութեան վերադարձի իրաւունքը Լեռնային Ղարաբաղ երաշխաւորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը,
-Կոչ է անում ադրբեջանական զօրքերի եւ նրանց դաշնակիցների անյապաղ եւ անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
-Նշում է, որ Հայաստանն իրաւունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականութիւնը եւ ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգութիւնը, այդ թւում՝ ռազմական ճանապարհով,
-Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալութիւնները,
-Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինւած ընդհարման դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան միջկառավարական կոմիտէից,
-Կարեւորում է ԻՒՆԵՍԿՕ-ում փորձագէտների միջազգային խմբի ստեղծումը եւ գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային եւ կրօնական ժառանգութեան վիճակի վերաբերեալ տեղեկատւական զեկոյց պատրաստելու համար,
-Կարեւորում է նաեւ ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թւում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիւների առգրաւումը եւ Ադրբեջանից գազի եւ նաւթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացւող ռազմական ագրեսիայի դէմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Բանաձեւը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցութիւնների ղեկավարները` Բրունօ Ռըտաեօն, Մարիզ Կարրթրը, Սեսիլ Սուկիերմանը, Գիեօմ Գոնտարը, Պատրիկ Կանէրը, Հերւէ Մարսէլը, Կլոդ Մալիւրէն եւ Ֆրանսուա Պատրիան, ինչպէս նաեւ Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբէր-Լիւկ Դըւինազը:
Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկայ էր նաեւ Ֆրանսիայի՝ Եւրոպայի եւ արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնէն։
Բանաձեւի ընդունման նիստին պատւոյ հիւրի կարգավիճակում ներկայ էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը։
Յիշեցնենք, որ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկւել է բանաձեւ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական յարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան խախտման հետագայ փորձերը, այդ թւում՝ Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառմամբ եւ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորմամբ:
Arfd.am