Հայաստան - ԱրցախՄշակութային

Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն. «Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացւող մշակութային ցեղասպանութիւնը հասել է աննախադէպ ծաւալների եւ կրում է համակարգւած բնոյթ»

«ԱԼԻՔ» – Ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացւող մշակութային ցեղասպանութիւնը հասել է աննախադէպ ծաւալների եւ կրում է համակարգւած բնոյթ։ Այս փաստը հաստատւում է ոչ միայն արբանեակային լուսանկարների միջոցով, այլեւ ադրբեջանական տեղեկատւական հարթակներում հրապարակւած լուսանկարներով եւ տեսանիւթերով։ Այս մասին յայտնում է Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն Յովիկ Աւանէսովը։

«2020 թւականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծւած լայնածաւալ պատերազմի, ինչպէս նաեւ Արցախի ամբողջական բռնազաւթման եւ արցախահայութեան բռնի տեղահանումների ընթացքում եւ դրանից յետոյ փաստագրւել է աւելի քան 800 վանդալիզմի դէպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, յուշակոթողների, մոնումենտալ յուշարձանների, յուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպէս նաեւ կրթական, մշակութային եւ պետական հաստատութիւնների ու այլ պատմական շինութիւնների դիտաւորեալ աւերումը, ձեւախեղումը, սրբապղծումը, գործառոյթների փոփոխումը եւ իւրացումը։

Յստակ օրինակները վկայում են այս քաղաքականութեան կազմակերպւած եւ պետական բնոյթի մասին։ Ծանր ռազմական եւ շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնայատակ աւերւել են՝

-Ջրականի Զօրաւոր Սուրբ Աստւածածին եկեղեցին

-Շուշիի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցին

-Մոխրենէսի Սուրբ Սարգիս եկեղեցին

-Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցին

-Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին

Պղծւել եւ վանդալիզմի են ենթարկւել բազմաթիւ եկեղեցիներ ու վանքեր, այդ թւում՝

-Հադրութի շրջանի Կատարօ վանքը

-Մատաղիսի Սուրբ Եղիշէն

-Ջրաղացների Սուրբ Աստւածածինը

-Հադրութի Սուրբ Յարութիւնը

-Ծակոռիի Ծաղկավանքը

-Հադրութի շրջանի Վանք գիւղի Սպիտակ Խաչ վանքը

-Մադաթաշենի Սուրբ Աստւածածինը

-Քարինտակի Սուրբ Աստւածածինը

-Թալիշի Սուրբ Ամենափրկիչը

-Մեծ Թաղերի Սուրբ Աստւածածինը

-Հադրութի շրջանի Կաւաքավանքը

-Չարեքտարի վանքը

-Ծարի Սուրբ Սարգիսը

-Ծարի Սուրբ Գրիգորը

-Ծիծեռնավանքը

-Վանքասարը

-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

-Աղաւնօ գիւղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

-Ստեփանակերտի Սուրբ Աստւածամօր Հովանու մայր տաճարը

-Տումիի «Կարմիր Եղցի»-ն

-Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղի Սուրբ Աստւածածին եկեղեցին

-Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստւածածին եկեղեցին

 

Հիմնայատակ կամ մասամբ աւերւել են բազմաթիւ բնակավայրեր՝

-Շուշիի շրջանի Քարինտակ գիւղը

-Շուշիի շրջանի Լիսագոր գիւղը

-Հադրութի շրջանի Մայրամաձորը

-Հադրութի շրջանի Մոխրենէսը

-Հադրութի շրջանի Թաղուտը

-Հադրութի շրջանի Խծաբերդը

-Հադրութի շրջանի Ծամձորը

-Հադրութի շրջանի Առաքելը

-Հադրութ քաղաքի պատմական թաղամասը

-Ստեփանակերտի պատմական թաղամասը

-Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարաւային թաղամասերը

-Ասկերանի շրջանի Սղնախ գիւղի մեծ մասը

Աւերւել եւ խեղաթիւրւել են բազմաթիւ յուշարձաններ, յուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր եւ այլ պատմամշակութային յուշարձաններ։

Նշւած ցանկը ամբողջական չէ եւ պարբերաբար համալրւում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան էութիւնը։

Այս փաստերը թոյլ են տալիս անվերապահօրէն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագոյն եւ առաւել վտանգաւոր մշակութային ցեղասպանութիւններից մէկի հետ։ Անվերապահօրէն կարող ենք փաստել, որ սա պատմութեան մէջ երբեւէ արձանագրւած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանութիւններից է. նոյնպիսի խանդավառութեամբ ոչ վաղ անցեալում Իսլամական պետութեան ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգութիւնը Սիրիայում, Իրաքում…Միջանկեալ յստակ կարող ենք արձանագրել, որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագոյն քաղաքակրթութիւնները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եւ մեր երկու հարեւան պետութիւնները ահաբեկչական ուժերի հովանաւոր ու ցեղասպանութիւն արտահանող երկրներ են։ Եւ ամենուր ձեռագիրը նոյնն է. Արցախում ոչնչացւած, իւրացւած եւ ձեւախեղւած յուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակոյթին, այլեւ համամարդկային արժէքներին, եւ դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթութեանը։

Դեռեւս կանգուն մնացած յուշարձանները գտնւում են անմիջական եւ լրջագոյն սպառնալիքի տակ։ Եթէ միջազգային կազմակերպութիւնները շարունակեն սահմանափակւել միայն արարողակարգային եւ անատամ յայտարարութիւններով, ապա փաստացի կը դառնան Ադրբեջանի յանցաւոր քաղաքականութեան անուղղակի հովանաւորներ։

Անտարբերութիւնն ու յանցաւոր անգործութիւնը, ինչպէս ցոյց է տալիս վերջին հինգ տարիների փորձը, ոչ միայն չեն կասեցնում, այլեւ խրախուսում են Բաքւի բռնապետական վարչակարգի նորանոր յանցագործութիւնները։ Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը չբաւարարւի դատարկ եւ ձեւական կոչերով, այլ ձեռնարկի իրական ու գործնական քայլեր՝ ներառեալ միջազգային պատժամիջոցների կիրառում, անկախ փորձագիտական առաքելութիւնների անյապաղ գործուղում Ադրբեջանի կողմից ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախի եւ յուշարձանների պաշտպանութեան իրաւական մեխանիզմների գործարկում։ Իւրաքանչիւր ուշացած օր աւելացնում է կորուստների ծաւալը եւ խորացնում պատասխանատւութեան բեռը ոչ միայն յանցագործների, այլեւ լռութեամբ հաշտւողների վրայ»։

Related Articles

Back to top button