Այլ

Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում երեխաների սրտանօթային համակարգի վրայ

Իսպանացի գիտնականները պարզել են, որ ճարպերի, աղի, շաքարի եւ ածխաջրերի պարունակութեամբ եւ լուրջ վերամշակում անցած սննդամթերքի յաճախակի գործածութիւնը բարձրացնում է երեք տարեկան եւ աւելի բարձր տարիքի երեխաների մօտ սրտանօթային հիւանդութիւնների եւ շաքարային դիաբետի զարգացման հաւանականութիւնը: Գիտնականների հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Jama Network Open ամսագրում։

Հետազօտութեանը մասնակցել է 3-6 տարեկան 1500 երեխայ։ Գիտնականները խնդրել են նրանց ծնողներին յայտնել, թէ սովորաբար ինչ քանակութեամբ վերամշակում անցնած մթերք են օգտագործում երեխաները: Խօսքն արդիւնաբերական պայմաններում արտադրւող սննդի մասին է, որին մեծ քանակութեամբ շաքար, աղ, ճարպ, արհեստական գունանիւթեր եւ պահածոյացնող նիւթեր են աւելացւում։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասւում արագ սնունդը, չիպսերը, սառեցւած կիսաֆաբրիկատները, գազաւորւած քաղցր ըմպելիքները, վերամշակւած միսը, պանիրը, տորթերն ու թխւածքաբլիթները:

Գիտնականները պարզել են, որ մեծ քանակութեամբ նման մթերք օգտագործող երեխաների մօտ աւելի բարձր է մարմնի զանգւածի ինդեքսն ու օրգանիզմում ճարպերի մակարդակը, իսկ գօտկատեղի չափն աւելի մեծ: Բացի այդ, նրանց արեան մէջ գլիւկոզայի մակարդակը եւս աւելի բարձր է:

Բացի այդ, պարզւել է նաեւ, որ արագ սննդի, պաղպաղակի եւ ճարպոտ մթերքի չարաշահումը կապւած է երեխաների արեան մէջ բարձր խտութեան լիպոպրոտէինների կամ «լաւ» խոլեստերինի մակարդակի նւազման հետ, իսկ այս տարրն օգնում է պահպանել սրտամկանի առողջութիւնը: «Լաւ» խոլեստերինի մակարդակի նւազումը կարող է մեծացնել սրտի կորոնար հիւանդութեան հաւանականութիւնը:

Գիտնականներն ընդգծում են նաեւ, որ երեխաների մօտ սրտանօթային հիւանդութիւնների զարգացմանը նպաստող յաւելեալ գործօն կարող է հանդիսանալ աւելորդ քաշը, որը կուտակւում է նման անառողջ սննդի չարաշահման դէպքում։

Related Articles

Back to top button