Այլ

Մրգերի օգտագործումը նւազեցնում է մեծահասակների դեպրեսիայի առաջացման վտանգը

Սիդնիի ուղեղի առողջ ծերացման կենտրոնի (CHeBA) գիտնականները պարզել են, որ մրգերի օգտագործումը կապւած է 45 եւ բարձր տարիքում մեծահասակների դեպրեսիայի ռիսկի նւազեցման հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Affective Disorders-ում (JАD)։

Հետազօտութեանը մասնակցել է դեպրեսիա չունեցող 7 801 կամաւոր։ Նրանք բոլորը 45-ից բարձր տարիքի էին։ Սկզբում գիտնականները հաւաքել են տեղեկութիւն իւրաքանչիւր փորձարկւողի սննդաբաժնում մրգերի եւ բանջարեղէնների բաժնի մասին՝ հարցարանների օգնութեամբ։ Դրանից յետոյ հետազօտողներն սկսել են մասնակիցների դիտարկումը, որը տեւել է ինը տարի։

Դիտարկումների ընթացքում գրանցւել է դեպրեսիայի առաջացման 1630 նոր դէպք։ Համեմատական վերլուծութիւնը ցոյց է տւել, որ բանջարեղէնների օգտագործման ազդեցութիւնը այդ հիւանդութեան առաջացման հաւանականութեան վրայ վիճակագրական առումով նշանակալի չի եղել։ Սակայն սննդաբաժնում մրգերի մեծ բաժինը հաստատ յարաբերակցւել է հոգեկան բարեկեցութեան բարձր ցուցանիշների հետ։

Գիտնակաները ենթադրել են, որ բանջարեղէններն աւելի յաճախ օգտագործւում են եփւած վիճակում, ինչի պատճառով սննդարար նիւթերի մեծ մասը կորչում է։ Իսկ մրգերը հիմնականում ուտում են հում վիճակում, ինչը թոյլ է տալիս ստանալ ուղեղի առողջութեան համար անհրաժեշտ բոլոր հակաօքսիդանտները, վիտամինները եւ սննդարար նիւթերը։

 News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button