Մշակութային

Ո՞վ է Կոմիտասը

Ներքեւ,  ներկայացնում եմ Պարոյր  Սեւակի եզակի մտքերը Կոմիտասի մասին:

Ճիշտ է, որ «ամէն համեմատութիւն կաղում է»: Բայց կան համեմատութիւններ էլ, որ ուղղակի  աղերսւում են՝ Կոմիտաս Առաջինի եւ Նարեկացու, Սայեաթ Նովայի եւ Աբովեանի, Թորամանեանի: Ճշմարտութեան մեծ պատառ կայ այդ բաղդատութիւնների մէջ, թէպէտ չհամնկնող եզրերը նոյնպէս որոշակի են: Սակայն ամենից աւելի ճիշտ է, ըստ իս, այն համեմատութիւնը, որ նոր չէ, բայց տակաւին չի գիտակցւել խորապէս: Եւ ժամանակը չի ուշացնում իր օգնութիւնը, որպէսզի քիչ կրկնելով շատ հասկանանք, որ Կոմիտասի գործն ամենից աւելի յիշեցնում է… Մաշտոցի գործը:

Ժողովուրդ կոչւածը, ինչ խօսք, կոյր չէ, բայց նաեւ ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առջեւ եւ տեսնի իր կան ու չկան: Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է նայելով իր այն զաւակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարւել ըստ նրա հաւաքական կերպարի ու ժառանգել ամենայն ծնողականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց ի մի հաւաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստութիւնը, բայց հէնց որ ծնեց, ինքը ժողովուրդն էլ, լուսաւորւում է այդ բազմանիստի ներքին ճռագայթումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլեւ նրանք են ժողովուրդ վերածնում: Այսպիսի ծնունդ էր ամենից առաջ Մեսրոպ Մաշտոցը այսպիսի ծնունդ է նաեւ Կոմիտասը, եւ նրա պարգեւած լոյսն էլ, ինչպէս Մաշտոցինը, դեռ երկար պիտի անդրադառնայ պարգեւողի դէմքին եւ արտացոլւի նրա հոգու մէջ:

Մաշտոցը, ինչպէս մեր մանուկներն էլ գիտեն, նախ եւ առաջ գիւտարար էր, ինչպէս որ յայտնագործող էր նաեւ Կոմիտասը, մէկը գտաւ մեր լեզւի այբուբենը, միւսը գտաւ մեր «երկրորդ լեզւի» մեր երգի «այբուբենը», որ ամօթ է խառնել հնադարեան հայկական խազերի, հայկական յետնադարեան ձայնանիշերի կամ ժամանակակից նոտաների հետ: Խօսքը, ուրեմն, այն «այբուբեն»-ի, որի գիւտարարութեամբ Կոմիտասը կարող է եւ ի լուր աշխարհի յայտարարել որ «հայն ունի ինքնուրոյն երաժշտութիւն, որովհետեւ իւրաքանչիւր ազգի երաժշտութիւն իր ազգի հնչական ելեւեջներեն կը ծնի ու կը ծաւալի: Հայ լեզուն ունի իր յատուկ հնչաւորութիւնը, ուրեմն եւ համապատասխանող երաժշտութիւնը»:

Պատմական իրադարձութիւնները չեն կրկնւում, բայց իրադրութիւնները կրկնւում են յաճախ: Հայ ժողովուրդի բախտը 19-րդ  դարում շատ բանով էր յիշեցնում 4-րդ դարը: Ամենից առաջ երկփեղկւած ազգ եւ բնաջնջւելու վտանգի ահագնութիւն: Անհրաժեշտ էր մի գիւտ, որ նոյնքան պարզ լինէր, որքան հանճարեղ: Պատմական անհրաժեշտութիւնը չի կարող չկատարւել: Եթէ նոր զէնք է հարկաւոր անպայման ստեղծւում է: Մաշտոցի զէնքը չէր անպէտքացել, բայց նոր  ճակատամարտում նոր զէնք էլ էր անհրաժեշտ: Պիտի ծնւէր մի նոր, մի իւրօրինակ Մաշտոց: Եւ նա ծնւեց: Եւ արեց իր գիւտը նոյնպէս «նորոգ ու սքանչելի»:

Կոմիտասն էր:

Մաշտոցից առաջ էլ կար հայոց լեզու իր հնչիւնական համակարգով ու քերականութեամբ: Բայց այդ համակարգը տարաբաժանելու ու վերամիաւորելու, այդ քերականութեան օրէնքները ճանաչելու ու սահմանելու համար հարկաւոր էր մի հանճար: Այս վերապահմամբ էլ Մաշտոցն էր, որ հայոց լեզու տւեց: Կոմիտասից առաջ էլ կար երգ ու նւագ, հայն ունէր իր երգային համակարգն ու երաժշտական «քերականութիւնը»: Բայց այդ համակարգը տարբերելու եւ վերահամադրելու, այդ «քերականութիւնը» ուսումնասիրելու եւ օրինաւորելու համար հարկաւոր էր մի հանճար: Այս վերապահմամբ էլ՝ Կոմիտասն էր, որ հայերին հայոց երգ ու նւագ տւեց: Եւ ինչպէս Մաշտոցը, Կոմիտասն էլ հերթական մեծութիւն չէ մեր մշակոյթի պատմութեան մէջ եւ այդ պատմութեան մատեանում չի զբաղեցնում մի դրւագ միայն: Նա միայն երգահան չէր, թէկուզ եւ դարագլխային մի ամբողջ դպրոցի հիմնադիր: «Նա ինքն էր ամբողջ մի կոնսերւատորիա»: Եւ միաժամանակ մեծ գիտնական, մէկը այն երջանիկ ու դժբախտ յայտնագործողներից, որոնց հաւաքական անունը Կոլումբոս է: Նաեւ հայ երգի լաւագոյն կատարողը նոյնպէս սկզբնաւորող եւ ոչ շարունակող: Իսկ խմբավա՞րը, նւագո՞ղը, նւակավա՞րը: Իսկ ուսուցիչ-մանկավա՞րժը, բանասէ՞րը, բանաստե՞ղծը…

Նայելով ահա այս բաձունքից՝ Կոմիտասին չի կարելի համեմատել իր մեծ ժամանակակիցներից ու նախորդներից եւ ոչ մէկի հետ: Ըստ իր գործի ու դրա հետեւանքների՝ նրան հայր կարող էր դառնալ միմիայն Մեսրոպ Մաշտոցը…

Եւ այս ամէնը… փաստ է եւ այն էլ՝ անժխտելի: Փաստ, որ ունի մէկ բանի կարիք խորապէս գիտակցւել բոլորի կողմից: Եւ այստեղ մենք  պարտաւոր ենք ասել աւելին, քան ասւեց:

Կոմիտասը ամենաապրողն է բոլոր ապրողներիս մէջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել նաեւ խորհրդանիշ: Մեր ժաղովրդի համար այդպիսի խորհրդանիշները ընդամէնը մի քանի հատ են՝ Մասիս, Էջմիածին, Մաշտոց եւ «իզուր այլ անուն մի փնտրէք»…ԿՈՄԻՏԱՍ:

Եւ ահա, նկատի ունենալով այն յայտնի իրավիճակը, որի մէջ է գտնւում աշխարհասփիւռ մեր ժողովուրդը, մենք պարտաւոր ենք ասել, որ հիմա, տւեալ իրական ու տիրական հանգամանքներում Մայր Հայրենիքի շուրջը համախմբւելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը իր հետեւանքներով աւելին է անում, քան մինչեւ իսկ … Մաշտոցի գործը:

«Ինչո՞ւ»-ին պիտի պատասխանել երկու «որովհետեւ»-ով, որովհետեւ բոլոր հայերը չեն դժբախտաբար, որ այժմ կարողանում են օգտւել Մեսրոպեան այբուբենից … որովհետեւ հայերէն կարդացողներին էլ բաժանում է մեր հին ու նոր ուղղագրութիւնը՝ մի իրավիճակ, որ պիտի դառնայ օրակարգի հարց, ինչպէս Մայր Հայրենիքի, այնպէս էլ Սփիւռքի պատասխանատու մարմինների համար՝ մէկ համազգային ուղղագրութիւն ստեղծելու անհետաձգելի մտահոգութեամբ…

Իսկ Կոմիտասի «այբուբենն» ու «ուղղագրութիւնը», որ կարդացւում է աւելի ականջով, քան աչքով, որ հասկացւում է աւելի հոգով, քան գիտելիքներով, շարունակում է մնալ համազգային եւ համընդհանուր, որտեղ էլ որ ապրի հայը, ինչ կուսակցութեան ու դաւանանքի էլ պատկանի…

Էջմիածի՞նը: Բայց Էջմիածնի կողքին էլ, ցաւօք սրտի, դրւած է մէկ այլ «ուղղագրութիւն» Անթիլիասը, այլեւս չխօսելով կրօնական այլ համայնքների մասին: Իսկ Կոմիտասի գործը դարձեալ համընդհանուր է բոլորի համար եւ ամենքի աչքին…

Մասի՞սը: Բայց սրա էլ «անունը կայ, ամանում չկայ», մինչդեռ Կոմիտասի անունը բոլորիս շրթներին է եւ ինքն էլ «ամանւած» բոլորիս հոգիներում…

Կայ անշուշտ, այս բոլոր սրբազան խորհրդանիշերից մեր մէկ այլ խորհրդանիշ էլ խորհրդանիշների խորհրդանիշը, որ կոչւում է Մայր Հայրենիք եւ իր մէջ «ամանում» է մնացած խորհրդանիշները: Եւ Կոմիտաս-Մաշտոց-Էջմիածին-Մասիս խորհրդանիշների յարաբերութիւնն էլ այլ բանի համար չի քննւում, եթէ ոչ Մայր Հայրենիքին, նրա այսօրին ու գալիքին ծառայելու նպատակով եւ նպատակադրմանը: Եւ գաղտնիք չէ, որ մինչեւ իսկ Մայր Հայրենիքի գաղափարը այժմ եւ առայժմ համընդհանուր ու միասնական չէ արտասահմանեան հայութեան համար: Եւ այս հարցում էլ դարձեալ եւ միայն Կոմիտասի գործն է, որ ճանաչւում է բոլորի կողմից, ընդունւում ամենքից:

Այլ խօսքով, Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջւում ոչ մի «վիզա» ոչ մի կողմից եւ ոչ ոքի կողմից:

Այս է Կոմիտասի առաքելութիւնն այսօր:

Արժէ աւելացնել նաեւ, որ նոր չի այս առաքելութիւնը: Մօտ 60 տարի առաջ, դիմելով Կոմիտասին, ականաւոր գրող Տիգրան Կամսարականն ասել է, ««Անցեալ գիշեր…երգելով ու բառբառելով …Հայաստան ուխտագնացութեան տարաք զմեզ, կամ լաւ եւս է ըսել քիչ մը Հայաստան բերիք Եգիպտոսի հայերուս, մենք կը կարծէինք, թէ հայ կրօնաւորը, որ Էջմիածնեն կուգա, միւռոն միայն կը բերէ, Դուք Մասիսն ու Արագածը փոխադրեցիք հոս պահ մը, ո՞վ ըսաւ, թէ լեռները չեն քալեր…»:

Այս, որ ճշմարիտ է, ասւած վաթսուն տարի առաջ, վաթսունապատիկ աւելի ճշմարիտ է այսօր, որովհետեւ Կոմիտասն այսօր վաթսունապատիկ աւելի է «լեռներ քալեցնում», «քիչ մը Հայաստան» է տանում ամենուրեք, որտեղ Հայաստան չկայ, բայց կայ հայ, իսկ բուն Հայաստանում էլ եկաւ «սիրեցնելու» մեզ, ինչ որ մերն է, բացաւ մեր վարագուրւած աչքերը մեր սեփական արժանիքներուն առջեւ, վերադարցուց մեզի դէպի մեր հայրենի  բնագաւառն ու օջախը, մեր անդն ու անդաստանը՝ բառին առարկայական թէ այլաբանական իմաստով»:

Ուստի եւ պարտաւոր ենք միաբան խորհելու եւ միահամուռ ասելու, որ այսօր ոչ ոք ու ոչինչ այնքան Հայաստան չի «արտածում» արտասահման եւ ոչ ոք ոչինչ այնքան հայաստանասիրութիւն չի «ներմուծում» Հայաստան, որքան Կոմիտասն իր կամրջով:

ԱՀԱ ԹԷ ՈՎ ԿՈՄԻՏԱՍԸ … 

Ներկայացրեց՝ ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Related Articles

Back to top button