ԱՄՆ-ի աչքերը վառւում են Հայաստանի ու տարածաշրջանի հանքերից

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ
Panorama.am-ի գլխաւոր խմբագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միւս պաշտօնավարողներն էլ ձեռք են բերել «մանկական» անմիջականութիւն՝ «իմն է, տուր, ուզում ենք». Նման եզրակազութիւնը ակներեւ բխում է հանրապետական սենատոր Սթիւ Դէյնսի՝ «The Wall Street Journal»-ում հրապարակւած յօդւածից։
Որքան էլ սենատորը չի մոռանում նշել, թէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան համաձայնագիրը» կայունութիւն կը բերի տարածաշրջանին ու միջազգային խաղաղութեանը, այնուամենայնիւ սեփական շահերի նկրտումները յորդում են յորդւածից։
Շահերի՝ ոչ միայն տնտեսական, ռազմավարական, այլեւ՝ ռազմական։
«Ես հանդիպեցի ինչպէս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, այնպէս էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ քննարկեցի գործնական լուծումներ»,-պատմում է սենատորը։
Նրա գնահատմամբ՝ երկու առաջնորդներն էլ հասկանում են եւ «պահի կարեւորութիւնը», եւ «հնարաւորութիւնները», եւ «ռուսական գերիշխանութեան լծից ազատւելը»։
Սթիւ Դէյնսը կրկին առաջ է բերում «միջին միջանցքը», ու խօսքի մէջ սպրդում է. «ԱՄՆ-ի հակառակորդներ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տեղակայւած այս տարածքը միակ ցամաքային ուղին է, որով Կենտրոնական Ասիայի առեւտուրը կարող է անխափանօրէն շարժւել դէպի արեւմուտք»։
Դէյսնի խօսքից պարզ է դառնում նաեւ, որ Ուկրաինայից ձեռք բերած հանքանիւթերը դեռ չեն փակում ԱՄՆ կարիքները. «Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Կիրկիզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը, ունեն նաւթի, բնական գազի, ածուխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ։ Դրան աւելանում են Հայաստանի եւ Ադրբեջանի մեծ հանքավայրերը՝ ստիբիումի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կարեւոր հանքանիւթերի ու հազւագիւտ հողային տարրերի» (1tv.ge)։
Շահարկելով Ռուսաստանից տարածաշրջանի անկախացման խաղաթուղթը, սենատորը նշում է նաեւ, թէ «Կովկասի հանքային ռեսուրսները կարող են նաեւ նւազեցնել ԱՄՆ-ի կախւածութիւնը Չինաստանից», ինչը հայերէն ասած՝ մրից ելնել, մրջուրն ընկնել է նշանակում։