ԱՄՆ-ում ինչ-որ բան կը ստորագրւի, եւ արտապատւիրակում կը լինի. Փաշինեանը սկսելու է նախընտրական քարոզարշաւը

Այս շաբաթւայ վերջին Վաշինգտոնում նախատեսւում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ նախագահի միջեւ։ Ինչպէս փոխանցում են ամերիկեան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստւում են փոխըմբռնման յուշագիր ստորագրել՝ ուղղւած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատմանը։
Չնայած նրան, որ Ալիեւը շարունակում է առաջ տանել իր յայտնի նախապայմանները, իշխանական աղբիւրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Նիկոլ Փաշինեանն այս փուլում պատրաստ է խաղաղութեան՝ առանց որեւէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հաւանականութեամբ, կը ստորագրւի»։ Նոյն աղբիւրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սիւնիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատւիրակւած մոդել՝ առանց «միջանցքի» ձեւակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողութեան որոշակի տարրերով։
Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդէն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացւած տարածքները մնում են Բաքւի վերահսկողութեան տակ, եւ տասնեակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիւ, Հայաստանի վարչապետը խաղաղութեան ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մէկ նպատակով. ընտրութիւններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրւած փաստաթուղթ, որի վրայ գրւած կը լինի «խաղաղութիւն» բառը։
Գերիները կը սպասեն։ Օկուպացւած տարածքները՝ եւս։ Արցախցիներին մնում է յարմարւել։ Իսկ Վաշինգտոնում, ամենայն հաւանականութեամբ, ստորագրւելու է մի փաստաթուղթ, որը ներկայացւելու է որպէս «պատմական առաջընթաց»:
«Ժողովուրդ»