Ասողիկ աբեղայ Կարապետեան. «Մի՛ խեղաթիւրէք, յարգարժան խորհրդարանցիներ, իրականութիւնը»
«ԱԼԻՔ» – Ասողիկ աբեղայ Կարապետեանն արձագանգել է Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը.
«Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջեւ՝ իւրային եւ օտար. եւս առաւել իւրայիններից, անխտիր, բոլորի առջեւ բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եւ նրանք, ովքեր սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կը գնան եւ կը լինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:
Ոչինչ եւ ոչ ոք չի՛ կարող պիտակաւորել որեւէ անձի, ով հոգու մղումով կը ցանկայ գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցւելու աստւածային սրբագործ միջավայրին:
Հայոց Եկեղեցու աստւածագործ սուրբ գմբեթի ներքոյ կանգնում են ամէնքը՝ արդարներն ու մեղաւորները, արք եւ կանայք, ծերերն ու մանուկները, իշխանութիւնն ու ընդդիմութիւնը: Այո, այդպէս է, քանի որ հայ իրականութեան մէջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրոյ սուրբ մերանը, որով շաղախւում ու խմորւում է ողջ հայոց ազգը:
Հայաստանի Ազգային ժողովի բարձրագոյն ամբիոնի առջեւ կանգնող որեւէ երեսփոխան, որեւէ պաշտօնեայ պարտաւոր է իր կեցւածքով, իր գաղափարով ու իր խօսքով արժանի լինել այդ բարձրագոյն բեմի պատւին եւ արժեհամակարգին:
Յարգարժան տիարք եւ տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պէտք չէ խօսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպէս վարւելով՝ Դուք միայն Ձեզ էք վարկաբեկում ու վիրաւորում: Առաւել շիտակ եւ պատւական կը լինի, եթէ Դուք խորհէք, խօսէք եւ գործէք պետական պաշտօնեային վայել՝ կանգնելով վեր ամէն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից:
Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դէպքում քայլ չի անի, բերան չի բացի եւ ձեռք չի շարժի ընդդէմ ազգային բացարձակ արժէքի՝ Հայոց Եկեղեցու:
Անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Սահմանադրութիւնն ու օրէնքն են (թէեւ անկատար) սահմանել եւ ազգային Եկեղեցու իրաւական կարգավիճակը: Յարգէք եւ պահպանեցէք այն ամէնն ինչ ազգակերտ է ու հայրենաշէն:
Մի՛ խեղաթիւրէք, յարգարժան խորհրդարանցիներ, իրականութիւնը. Հայոց Եկեղեցին միշտ էլ եւ պարտաճանաչ կերպով հարկ է տւել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ տեսակի հարկերը:
Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակութիւն, այլ կերպ՝ հաւատքի պարագաներ են եւ Աստծոյ բաժին:
Գիտակցէք, որ Եկեղեցին հազարաւոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետութիւնից մէկ լումա չակնկալելով: Եւ այս ամէնը շնորհիւ այն բարեպաշտ ու հայրենասէր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբութիւնն ու առաքելութիւնը եւ լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս եւ բաժին են յատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:
Վերջապէս, ջանացէք եւ կայացէք որպէս հաւատաւոր զաւակներ եւ պետական մտածողութիւն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամէն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։