Արման Թաթոյեան. «Չի՛ կարելի քաղաքական շահերի համար հետապնդում նախաձեռնել Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ»
«ԱԼԻՔ» – ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ծաւալւած պայքարին.
«Հայաստանի իշխանութիւնը մտել է պետականութեան ամրութեան համար խիստ վտանգաւոր թեմաների մէջ։
Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամօթալի պահւածք դրսեւորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշւեյարդարի ձեւով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ։ Սա մեր հասարակութիւնը, Սփիւռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականութիւնը թուլացնող պահւածք է, որը յարիր չէ առհասարակ որեւէ իշխանութեան։
Ի գիտութիւն Հայաստանի իշխանութիւնների՝ բերում եմ միջազգային փորձի օրինակներ, որոնք կապւած են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկման ենթարկելու հարցի հետ։
Այսպէս, Յունաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նւիրատւութիւնների, կրօնական գործողութիւնների ընթացքում ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առեւտրային գործողութիւնների համար։ Այսինքն՝ եթէ եկեղեցու տարածքում կայ, օրինակ, սրճարան կամ գրախանութ, ապա հարկը պէտք է վճարւի։ Աւելին, պետութիւնն է ապահովում հոգեւորականների աշխատավարձի եւ վերապատրաստումների համար վճարումները, ինչպէս նաեւ վճարում է եկեղեցական շինութիւնների պահպանման ծախսերը։
Մեծ Բրիտանիայում եկեղեցիների մեծ մասը գրանցւած է որպէս բարեգործական կազմակերպութիւններ, եւ հարկ չեն վճարում։ Եկեղեցին հարկ չի վճարում նւիրատւութիւնների, կրօնական գործունէութեան ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առեւտրային գործունէութեան համար։ Սակայն ի տարբերութիւն Յունաստանի, եթէ եկեղեցու տարածքում կայ սրճարան, օգտւում է Business rates relief կանոնից, որի դէպքում կամ հարկ չի վճարում կամ էլ զգալիօրէն կրճատւում է գումարը։
Ընդ որում խօսքը ոչ միայն եկեղեցիների, այլ առհասարակ պաշտամունքի վայրերի (places of worship) մասին, որի մէջ կարող են մտնել թէ՛ եկեղեցիները, թէ՛, օրինակ, այլ կրօններին պատկանող տաճարները։
Դանիայում եւ Շւեդիայում եկեղեցու անդամները վճարում են պետութեան կողմից գանձւող եկեղեցական հարկ։ Այս հարկի դրոյքաչափը տատանւում է համայնքային մարմնի որոշմամբ եւ օգտագործւում է եկեղեցու գործունէութեանն աջակցելու համար, ներառեալ՝ եկեղեցական շէնքերի սպասարկումը եւ հոգեւորականների աշխատավարձերը:
Այս վճարը գանձւում է պետական հարկային մարմնի կողմից կանոնաւոր եկամտահարկի հետ միասին, այնուհետեւ փոխանցւում է Շւեդիայի եկեղեցուն՝ աջակցելու համար նրա գործունէութեանը:
Շւեդիայում եւ Դանիայում եկեղեցին հարկ չի վճարում նւիրատւութիւնների, կրօնական գործունէութեան ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առեւտրային գործունէութեան եւ կրօնական նպատակներով օգտագործւող գոյքի համար։
Կրօնական նպատակներով օգտագործւող գոյքը (օրինակ՝ եկեղեցական շէնքերը եւ յարակից շինութիւնները) ազատւած են գոյքահարկից:
Նշւածի հետ միասին, եթէ եկեղեցին զբաղւում է առեւտրային գործունէութեամբ (օրինակ՝ գոյք վարձակալելը կամ բիզնես վարելը), ապա այդ գործունէութիւնից ստացած եկամուտը ենթակայ է հարկման:
Նորւեգիայում Ազգային եկեղեցին եւ այլ ճանաչւած կրօնական համայնքները ֆինանսաւորում են ստանում պետութիւնից եւ համայնքապետարանից:
Կրօնական համայնքներն ազատւած են նւիրատւութիւնների, հաւաքագրումների եւ կրօնական գործունէութիւնից ստացւած եկամուտների հարկերից: Սա նշանակում է, որ անդամների կողմից կրօնական ծառայութիւնների, արարողութիւնների եւ եկեղեցու հետ կապւած այլ գործառոյթների համար տրւող գումարները ազատւած են հարկերից:
Վրաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նւիրատւութիւնների, կրօնական գործունէութիւնից ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առեւտրային գործունէութեան համար։
Կրօնական կազմակերպութիւններից կարող է պահանջւել թափանցիկ ֆինանսական հաշւետւութիւններ եւ առեւտրային գործունէութիւնից եկամուտների մասին հաշւետւութիւն։
Ռուսաստանի Դաշնութիւնում կրօնական կազմակերպութիւնները, այդ թւում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, յատուկ կարգավիճակ ունեն հարկային համակարգում։ Բոլոր կրօնական կազմակերպութիւններն ազատւում են եկամտահարկ վճարելուց, եթէ եկամուտը ստացւում է իրենց հիմնական գործունէութիւնից (կրօնական, կրթական եւ մշակութային): Կրօնական կազմակերպութիւնները պարտաւոր չեն գոյքահարկ վճարել, եթէ գոյքն օգտագործւում է հիմնական եկեղեցական գործունէութեան համար:
Տարբեր ապրանքների եւ ծառայութիւնների վաճառքից հարկերը հիմնականում նախատեսւած են օրէնքով, սակայն կան տարբեր բացառութիւններ: Օրինակ՝ յուղարկաւորութեան պարագաների ցանկից ապրանքները չեն հարկւում»,- գրել է նա: