ՌԴ, Իրանի եւ Վենեզուէլլայի դէմ պատժամիջոցներն ազդել են համաշխարհային ածխաջրածնային բազայի մօտ 40%-ի վրայ
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի, Իրանի եւ Վենեզուէլլայի դէմ արեւմտեան երկրների կողմից կիրառւած պատժամիջոցները ազդել են ածխաջրածնային ռեսուրսների համաշխարհային բազայի մօտ 40 տոկոսի վրայ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը։ Նրա կարծիքով՝ սահմանափակումներից ամենաշատը տուժել է Եւրոպան:
«Ռոսնեֆտ»-ի ղեկավարը նշել է, որ պատժամիջոցների պատճառով Եւրոպան կորցրել է կայուն եւ «համեմատաբար էժան մատակարարումները», ինչի պատճառով էլ կորցրել է իր մրցունակութեան հիմքը։
«Եւրոպայում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձութիւնները որոշակի եզրակացութիւնների են յանգեցնում։ Միայն վերջին երկու տարւայ ընթացքում արդիւնաբերական արտադրութիւնը նւազել է 5%-ով»,- ասել է Սեչինը Դոհայի ֆորումում ունեցած ելոյթի ժամանակ։
Ըստ նրա՝ վնասներ են կրում նաեւ Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանի աճող շուկաները, որոնք չեն կարող բաւարարել իրենց տնտեսական կարիքները։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ սահմանեց «Գազպրոմբանկ»-ի դէմ՝ արգելելով դրա միջոցով վճարումները ԵՄ երկրներ մատակարարւող ռուսական գազատարով գազի դիմաց։ Մինչեւ 2024 թւականի վերջ Եւրամիութիւնը նախատեսում է համաձայնեցնել նաեւ պատժամիջոցների 15-րդ փաթեթը՝ ուղղւած ռուսական նաւթ տեղափոխող լցանաւերին, սակայն երկրները չեն կարողանում համաձայնութեան գալ դրա շուրջ մի շարք խնդիրների պատճառով։ Մասնաւորապէս, պետութիւնները չեն կարող որոշել՝ չեղեալ համարե՞լ կանոնը, որը թոյլ է տալիս Չեխիային, Սլովակիային եւ Հունգարիային Ռուսաստանից նաւթ ստանալ։