Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Իշխանութիւնը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկար չի տեւի»

«ԱԼԻՔ» – «Այսօրւայ մեր կեանքը Սպիտակի  երկրաշարժի ենթարկւած լինելու մասին է, որը իր հետեւանքներով՝ թէ՛ ֆիզիկական, թէ՛ հոգեւոր իմաստով, չի վերանում եւ դեռ տակաւին շարունակում է խորանալ եւ որի պատճառն այն արժէքային քայքայումն է, որ տեղի է ունեցել 2020 թւականի պատերազմից յետոյ»: Այս մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այսօրւայ կառավարիչների հիմնական քաղաքականութիւնը միտւած է  մեր կեանքը խորութեամբ եւ իր բոլոր շերտերով կազմաքանդելուն հայրենիքի գաղափարը վերացնելուն, հոգիները խոցելուն, այնտեղից գողանալու վեհութեան, քաջութեան, սխրանքի, երազների, ձգտումների, տեսիլների զգացումը եւ միեւնոյն ժամանակ նաեւ մեր հանրային լայն կեանքը վերածել քաոսի, թշնամութեան, ատելութեան, մոլորեցնող գաղափարների, կեղծ գաղափարների, ստի, որը շարունակաբար մեր կեանքում առկայ է։ Ստով, թշնամութեամբ, ատելութեամբ փորձում են ահաբեկել մարդկանց եւ նրանց թոյլ չտալ, որպէսզի իրենք սոցիալական պատասխանատւութիւն ստանձնեն, քաջութիւն ունենան թէ հանդէս գալու համացանցային տիրոյթում եւ թէ իրենց դիրքորոշումը յայտնեն ֆիզիկական տիրոյթում։ Երկրում բազմաթիւ իրադարձութիւններ են, բայց տեսէք, թէ ինչով է զբաղւած «չարիքը»՝ զանազան փոքր ծաւալի տեսանիւթերով, սուրճ խմելու, դատարկ թուղթ կարդալու պատմութեամբ:

Այս բոլորը նշանակում են, որ իրենք դատարկւել են ամբողջութեամբ, այլեւս այլ թեմա չկայ, որը կը բերէր մեր երկրի զարգացմանը, անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդկանց նպատակն է ամէն գնով պահել այն փողի հոսքերը, որոնք կարող են լինել իրենց տիրապետութեան տակ ու ամէն գնով պահել այն իշխանութիւնը, որը նպաստում է նրանց հաճոյքների իրականացմանը»,- ասել է նա:

Սրբազանն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած պաշտօնանկութիւններին:

«Դրանք տեղի ունեցան շատ անընդունելի կերպով, ապա դրան յաջորդեց սուտը՝ մարդկանց, նրանց աշխատանքը  գովելու նկարագրութեամբ: Բայց այս պատրանքային յաջողութիւնը երկար չի տեւի, չարիքը ինքն իրեն է սպանելու առաջին հերթին»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանն անրադարձել է նաեւ արդէն նախկին ՔՊ-ական, ՀՀ ԱԺ պատգամաւոր Յովիկ Աղազարեանի հետ տեղի ունեցած իրադարձութիւններին՝ նշելով, որ դրան կապւած էին ուղղակիօրէն մարդու կեանքի գաղտնիութեան հետ, որի իրաւունքը պաշտպանւած է Սահմանադրութեամբ։

«Այս ընթացքը նաեւ խօսում է այն ուրացութեան մասին, դաւաճանութեան մասին, բոլոր այն երեւոյթների մասին, որոնք տեղ են գտել այս մարդկանց կեանքում, որոնք այլեւս թաքցնելու որեւէ արգելք չի կարող լինել, որովհետեւ փտածութիւնը, նեխածութիւնը, ներքին նեխածութիւնը, ի վերջոյ պէտք է արտայայտւի, դա կը լինի հոտի տեսքով, կը լինի գործողութիւնների տեսքով, զանազան այլ կերպերով, եւ չարիքը երկար չի կարող դիմանալ, իր յաջողութիւնը չակերտաւոր ասած, երկար չի կարող լինել։

Եւ այս բոլորը նշանակում են, որ դատարկւել են ամբողջութեամբ, այլեւս հետաքրքրութիւն կամ որեւէ այլ թեմա չկայ, որը կը վերաբերէր մեր երկրի զարգացմանը, մեր երկրի անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդիկ հակառակւում են ճշմարտութեանը եւ նրանց անմտութիւնը շատ շուտով յայտնի կը դառնայ։

Դուք բոլորդ տեսնում էք, թէ ինչ է տեղի ունենում, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, տեսնում էք, թէ ինչ է տեղի ունենում մեր կեանքում։ Ինչո՞վ ենք զբաղւած եւ ինչպէս է խմբակցութեան միջից դուրս գալիս ամբողջ չարութեան զգացումը։ Տեսնում էք, թէ այն պարփակւած, այն զոռով պահւած չարութիւնն ինչպէս է ինքնաարտայայտւում եւ ինքնադրսեւորում, նոյնիսկ այդ պարագայում միմեանց նկատմամբ դարձեալ ստի մէջ են այս մարդիկ»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Related Articles

Back to top button