Արաղչի. «Նախորդ փորձը հաշւի առնելով՝ որոշում կընդունենք դիւանագիտական գործընթացի վերաբերեալ»

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, որը պաշտօնական այցով գտնւում է Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկւել են Իրան-Ռուսաստան երկկողմ յարաբերութիւնները եւ միջազգային զարգացումները։
Արաղչին յայտարարել է, որ Իրանը, հաշւի առնելով նախորդ փորձը՝ ներառեալ դիւանագիտական բանակցութիւնների ընթացքում Իրանի դէմ իրականացւած ռազմական յարձակումները, միջուկային խաղաղ օբիեկտների թիրախաւորումը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականութիւնը, համապատասխան որոշում կընդունի ներկայիս դիւանագիտական գործընթացի վերաբերեալ։
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամութիւնը՝ զարգացնելու համագործակցութիւնը Իրանի հետ եւ աջակցելու տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը։
Պուտին. «Ստացել եմ Իրանի ղեկավարի ուղերձը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտնել է, որ անցած շաբաթ ստացել է Իրանի Գերագոյն առաջնորդի ուղերձը՝ խնդրելով այդ մասին իր շնորհակալութիւնը փոխանցել։ Նա Գերագոյն առաջնորդին մաղթել է առողջութիւն եւ յաջողութիւն։
Պուտինը, հանդիպելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, շեշտել է, որ Ռուսաստանն պատրաստ է ամէն ինչ անել՝ ապահովելու Իրանի եւ տարածաշրջանի երկրների շահերը եւ արագացնելու Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատումը։



