ՄիջազգայինՔաղաքական

Առեւտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան եւ Չինաստանն արձագանգել են ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

«ԱԼԻՔ» – Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդօն յայտարարել է մինչեւ 155 միլիարդ դոլար արժողութեամբ ամերիկեան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին: Մեքսիկան նոյնպէս յայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին: Տեղեկացնում է Associated Press գործակալութիւնը:

«Սա իրական հետեւանքներ կունենայ ձեզ համար՝ ամերիկեան ժողովրդի համար»,- ասել է Թրիւդօն յատուկ ուղերձում:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աւելի վաղ հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանման մասին։ Չինաստանի համար մաքսատուրքը կը կազմի 10%, Մեքսիկայի համար՝ 25%, Կանադայի համար՝ 10% էներգառեսուրսների եւ 25% այլ ներմուծումների համար։ Եթէ ​​երկրները որոշեն պատասխանել ԱՄՆ-ին, տուրքերը կը բարձրացւեն։

Կանադայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը կը յանգեցնեն սննդամթերքի եւ այլ ապրանքների գների բարձրացման։ «Սպիտակ տան կողմից այսօր ձեռնարկւած գործողութիւնները մեզ բաժանում են, ոչ թէ միաւորում»,- ընդգծել է Թրիւդօն: Նրա կարծիքով՝ դա շատերի համար կարող է յանգեցնել «մութ ժամանակների»։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շէյնբաումը նոյնպէս  կարգադրել է արձագանգել 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշմանը։ Մեքսիկայի պատասխանը կը ներառի «մաքսատուրքային եւ ոչ մաքսատուրքային միջոցներ»:

«Յանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ-ն, որի վրայ մենք աշխատում ենք, որը ներառում է մաքսատուրքային եւ ոչ մաքսատուրքային միջոցառումներ՝ պաշտպանելու Մեքսիկայի շահերը»,- գրել է Շէյնբաումը X սոցիալական ցանցում։

Չինաստանի առեւտրի նախարարութիւնն իր հերթին դժգոհութիւն է յայտնել չինական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման առնչութեամբ։ Պեկինը հայց կը ներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը (ԱՀԿ):

«Չինաստանը չափազանց դժգոհ է եւ կտրականապէս դէմ է (մաքսատուրքերին)»,- ասւում է Առեւտրի նախարարութեան յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button