Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Դաշնակցութեան համար անկախ պետականութիւնը բարձրագոյն արժէք է, որն ամէն գնով պէտք է պահպանել»
«ԱԼԻՔ» – «Սա մեր վերջին տարիների մեծագոյն տօնն է, ազատ եւ անկախ Հայաստանի ստեղծումը 33 տարի առաջ։ Դաշնակցութեան համար անկախ պետականութիւնը բարձրագոյն արժէք է, որը ամէն գնով պէտք է պահպանել։ Այդ անկախութեան նախաշեմին Արցախեան գոյամարտն էր, այսօր Արցախը հայաթափւած է, բայց դա չենք դիտարկում որպէս վերջնական իրադարձութիւն։ Այդ 33 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել բաւականին լուրջ պետականութիւն, ազգային արժէքները վերադարձան հայրենիք, առաջին տարիներին ստեղծւեց հզօր բանակ, ունեցանք Արցախեան գոյամարտի յաջող ելք եւ Հայաստանը միջազգային հարթակներում ունէր բաւականին լուրջ արժէք։ Վերջին տարիներին կացութիւնը փոխւել է, այս յանձնւողական եւ պարտւողական քաղաքականութեան մէջ»: Երէկ՝ սեպտեմբերի 21-ին Երեւանի Եռաբլուր զինւորական պանթէոնում, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
Լրագրողների հարցին, թէ արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնների հակահայ քաղաքականութիւնը չի դժւարացնում դրսում Հայ Դատի գրասենեակների, ՀՅԴ կառոյցների գործունէութիւնն ու աշխատանքները, որոնք միտւած են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեանը, Յակոբ Տէր-Խաչատուրեանը պատասխանել է․ «Մեր բարեկամ երկրների մէջ, երբ աշխատանք ես տանում եւ դնում ես հայկական պահանջներ, ասում են՝ ձեր իշխանութիւնները նման պահանջ չեն դնում, օրինակ մեր համար առաջնահերթութիւն է այսօր Հայ Դատի օրակարգում ունենալ Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի, Բաքւի բանտերից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատագրման խնդիրները, սրանք չլուծւած հարցեր են, բայց անընդունելին այն է, որ Հայաստանը մնում է լուռ եւ այդ լռութիւնը մեր մօտ շփոթմունք է առաջացնում։ Մեր պահանջն այն է, որ մենք, որպէս համայնք, առաջնային խնդրի լուծումը տանք Արցախին վերաբերւող բոլոր կէտերին»։