Մուրադ Փափազեան. «Պէտք է պայքարել բոլոր այն իրողութիւնների դէմ, որոնք տկարացնում են Հայաստանը եւ հայ ազգը»
«ԱԼԻՔ» – «Հայաստանը չպէտք է հրաժարւի Սփիւռքի եւ Արցախի գաղափարից»: Երէկ՝ սեպտեմբերի 21-ին Երեւանի Եռաբլուր զինւորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։
«Արցախցիները, սփիւռքահայերը եւ Հայաստանի ժողովուրդը պէտք է իսկապէս միանան Հայաստանի անկախութեան հզօրացման գաղափարի շուրջ»,- ընդգծել է Մուրադ Փափազեանը։ Նրա խօսքով՝ սեպտեմբերի 21-ը շատ կարեւոր օր է, եւ մենք պէտք է զօրաւիգ կանգնենք անկախութեան գաղափարին։
Ինչպէս ընդգծել է Մուրադ Փափազեանը, անկախութիւնը պէտք է բոլորին հաւաքի, համահայկական գաղափար դառնայ եւ Սփիւռքը, Արցախն ու Հայաստանը վերամիանան իբրեւ իրականութիւն, իբրեւ գաղափար եւ իբրեւ ապագայի սկզբունք։
«Մենք պէտք է համոզենք Հայաստանի ժողովրդին, որ միայն ազգի գաղափարը կարող է փրկել երկիրը եւ կարող է հզօրացնել Հայաստանը ու հայրենիքը»,- ասել է նա։
Մուրադ Փափազեանի խօսքով՝ պէտք է պայքարել բոլոր այն իրողութիւնների դէմ, որոնք տկարացնում են Հայաստանը եւ հայ ազգը։