Միջազգային

Եւրոպական ընտրութիւններում Շոլցի կուսակցութիւնը պարտւել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութեանը

«ԱԼԻՔ» – Գերմանիան քւէարկել է Եւրոպական ընտրութիւններում: Հասարակական համակրանք չվայելող իշխող կոալիցիայի կուսակցութիւնները թոյլ արդիւնքներ են ցոյց տւել, իսկ ծայրայեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութիւնը կարողացել է զբաղեցնել երկրորդ տեղը՝ իր օգտին ստացւած ձայներով գերազանցելով կանցլեր Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութեանը:

Ըստ Bild պարբերականի՝ Գերմանիայում ձայների հաշւարկն աւարտւել է բոլոր 400 ընտրատարածքներում, որտեղ ընտրւել են Եւրախորհրդարանի նոր գումարման պատգամաւորներ։ Զգալի տարբերութեամբ յաղթել է «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն/Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» պահպանողական դաշինքը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութիւնը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Եւրոպական ընտրութիւնները ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի համար աւարտւել են 30% արդիւնքով, «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 15.9%-ով։ Կանցլեր Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութիւնը ցոյց է տւել պատմութեան մէջ իր վատագոյն արդիւնքը՝ հաւաքելով 13.9%։ Կանաչները ստացել են 11.9%, իսկ «Ազատ դեմոկրատական» կուսակցութիւնը՝ 5.2% ձայներ:

Նորաստեղծ «Սառա Վագենկնեխտ դաշինքն» իր առաջին ընտրութիւններում հաւաքել է 6.2 տոկոս, «Ձախերի» կուսակցութիւնը՝ 2.7 տոկոս։

Եւրոպական այս ընտրութիւններին մասնակցել են ընտրողների ռեկորդային 65 տոկոսը եւ բերել անսպասելի արդիւնքներ:

Գերմանիան Եւրախորհրդարանում ամենամեծ ներկայացուցչութիւնն ունեցող երկիրն է։ Նոր գումարման եւրոպացի 720 պատգամաւորներից 96-ը պաշտպանելու են Գերմանիայի շահերը։

Related Articles

Back to top button