Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Լեգիտիմութեան ճգնաժամի մէջ յայտնւքծ ՀՀ գործող իշխանութիւնը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախօսների նկատմամբ իրաւական ամենաթողութիւնը՝ իրաւապահ համակարգն անխնայ օգտագործելով իր նպատակադրումներում: Չբաւարարւելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալութիւններով, կալանաւորումներով եւ ապօրինի բազմաթիւ քրէական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցութիւններին նւիրատւութիւն կատարած անձանց հետապնդումների:

Մասնաւորապէս, արդէն տեւական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էութեան ապօրինաբար բերման եւ անօրէն «հարցաքննութեան» է ենթարկում ՀՅԴ անդամների եւ համակիրների, պարզապէս քաղաքացիների, ովքեր օրէնքով սահմանւած պահանջներին համապատասխան նւիրատւութիւն են կատարել կուսակցութեանը: Սա այն դէպքում, երբ մամուլում տարածւած բազմաթիւ անհերքելի փաստերը վկայում են հէնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրութիւններում ամբողջական եւ անթոյլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողութիւնները: Ինչպէս կանխատեսելի էր, այս պարագայում իրաւապահ եւ այլ իրաւասու մարմինները լռում են:

Այս ամէնը գնահատելով որպէս ՀՀ Սահմանադրութեան 8-րդ եւ 46-րդ յօդւածների խախտման, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան հիմքերի տապալման ակնյայտ փորձ՝

Միջազգային կազմակերպութիւններից եւ դիտորդական առաքելութիւններից պահանջում ենք տալ համարժէք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:

Իրաւապահ մարմիններից պահանջում ենք անյապաղ վերադառնալ օրինականութեան դաշտ՝ պահպանելով Սահմանադրութեան ու «Կուսակցութիւնների մասին» սահմանադրական օրէնքի պահանջները։

Հանրութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում քաղաքական իշխանութիւնների՝ միահեծան նեոբոլշևիզմի եւ պետական մակարդակով իրականացւող ընտրակոռուպցիայի վրայ։

Յայտարարում ենք, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու պատժիչ մեքենայի ապօրինութիւնների առջեւ, չեն վախենալու շինծու հարցաքննութիւններից եւ վճռականօրէն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դէմ՝ յանուն իրաւական, ժողովրդավարական եւ անվտանգ Հայաստանի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

22.07.2026 թ.

Related Articles

Back to top button