Հայաստան-Իրան համագործակցութեան նոր փուլ՝ Քաջարանի թունելի շինարարութիւնը մեկնարկեց

«ԱԼԻՔ» – Հայաստանի Սիւնիքի մարզում, յունիսի 27-ին, Քաջարանում կողմերի ստորագրութեամբ պաշտօնապէս մեկնարկել է 7.5 կմ երկարութեամբ Քաջարանի թունելի երկրորդ հատւածի շինարարութիւնը՝ «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Իրանի պատւիրակութեանն ընկերակցող պատգամաւոր Արա Շահվերդեանը։
Պատգամաւորը նշեց նաեւ, որ նախագիծը, որն իրականացւում է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերութեան կողմից, նպատակ ունի զգալիօրէն կրճատել Իրանի սահմանից դէպի Երեւան ճանապարհի երկարութիւնն ու երթեւեկութեան ժամանակը՝ խթանելով հայ-իրանական առեւտրատնտեսական եւ տարանցիկ համագործակցութիւնը։
Քաջարանի թունելի շինարարութեան մեկնարկի արարողութիւնը հարաւ-հիւսիս մայրուղու երկրորդ հատւածում, Իրանի սահմանից մինչեւ Երեւան ձգւող ճանապարհին, շաբաթ՝ յունիսի 27-ին, պաշտօնապէս կայացել է՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ բիւջէի ու ծրագրաւորման կազմակերպութեան ղեկավար Սէյէդ Համիդ Փուրմոհամմադիի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանի, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանիի, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արա Շահվերդեանի, Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմասթանի, երկու երկրների դեսպանների եւ մի շարք ղեկավարների ու մասնագէտների մասնակցութեամբ։
Այս կապակցութեամբ ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան պրն. Սաղայեանը նշել է, որ նախագծի առաջին փուլը գործարկւել էր դեռ 1990-ականներին, սակայն պատժամիջոցների պատճառով աշխատանքների իրականացման համար մրցոյթում յաղթած իրանական ընկերութիւնը բախւել էր լուրջ տեխնիկական դժւարութիւնների: «Այդ պատճառով ծրագրի իրականացումը զգալիօրէն ձգձգւել է եւ տեւել է աւելի քան մէկ տասնամեակ»,- նշել է նա:
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդեանի փոխանցմամբ՝ Հայաստան այցելած իրանական բարձրաստիճան պատւիրակութիւնը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ ռազմավարական նշանակութեան մի շարք ծրագրեր։
Արա Շահվերդեանի տեղեկացմամբ՝ քննարկումների առանցքում գտնւել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցւածքների զարգացման ծրագրերը, ներառեալ երկրորդ կամրջի եւ նոր տերմինալի կառուցումը, մաքսային համագործակցութեան ընդլայնումը, ինչպէս նաեւ էներգետիկ ոլորտում համատեղ նախաձեռնութիւնները։
Պատգամաւորը նաեւ նշել է, որ իրանական պատւիրակութիւնն այսօր մասնակցել է Քաջարանի թունելի բացման արարողութեանը, որին ներկայ է լինելու նաեւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ դոկտ. Սարմասթը։ Թունելի նախագիծը իրականացւել է իրանական կապալառու ընկերութեան մասնակցութեամբ եւ դիտարկւում է որպէս հայ-իրանական գործակցութեան կարեւոր օրինակ։
Շահվերդեանի խօսքով՝ Հայաստանի ենթակառուցւածքային նշանակութեան մի շարք նախագծեր վստահւած են իրանական մասնագիտական եւ տեխնիկական խմբերին։ Նա ընդգծել է, որ իրանական կապալառուները Հայաստանում վայելում են բարձր վստահութիւն եւ ընտրութեան հարցում գտնւում են առաջնային դիրքերում։
Պատգամաւորը յայտնել է նաեւ, որ հայկական կողմը բարձր է գնահատել իրանական ընկերութիւնների իրականացրած աշխատանքների որակը՝ դրանք համարելով մրցակցային, վստահելի եւ ռազմավարական նշանակութեան։ Ըստ նրա՝ հայկական կողմը շահագրգռւած է իրանական ընկերութիւնների ներգրաււածութեան ընդլայնմամբ նաեւ այլ ոլորտներում։
Արա Շահվերդեանը նշել է նաեւ, որ Փաշինեանի հետ հանդիպումից յետոյ խմբերը քննարկել են Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի իրականացման աշխատանքները։ Քննարկումները վերաբերել են նաեւ ճանապարհաշինութեանը, էներգակիրներին (գազամուղի), ապրանքափոխադրումներին, եւ փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների գործնական իրականացմանը։



