Հայաստան - ԱրցախՔաղաքական

Համատարած չարաշահւում է վարչական ռեսուրսը ու կրթական բաղադրիչը

ԵՊՀ ռեկտորն օրէնք է խախտել, սակայն ԲՈՒՀ-ում լռում են

ԵՊՀ ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը ֆէյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանութեան ՔՊ-ական նախարար Սուրէն Պապիկեանի քարոզարշաւային, կուսակցական տեսանիւթով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։

Սա Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին ՀՀ օրէնքի խախտում է։

Թեմայի վերաբերեալ որեւէ մեկնաբանութիւն չյաջողւեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակեանն այդպէս էլ չպատասխանեց հեռախօսազանգերին ու հաղորդագրութիւններին։

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանեանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ նման դէպքերի առնչութեամբ ԿԳՄՍ նախարարութիւնը բազմիցս յայտնել է իր դիրքորոշումը։ Նրա ձեւակերպմամբ՝ նախարարութիւնը կարեւորում է կրթական հաստատութիւնների ապաքաղաքականացւած գործունէութիւնը եւ վերահաստատում, որ ուսումնական հաստատութիւնները պէտք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, իսկ նմանատիպ դէպքերը գտնւում են խիստ վերահսկողութեան ներքոյ եւ ենթակայ են լինելու պատշաճ արձագանքի ու իրաւական հետեւանքների։ Aravot.am-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը նշեց, որ Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին ՀՀ օրէնքի 26-րդ յօդւածի 7-րդ կէտով. «ԲՈՒՀ-ի եւ դրա կառուցւածքային միաւորների կառավարման մարմիններում, ինչպէս նաեւ ակադեմիական միաւորների ղեկավար պաշտօններում արգելւում է որեւէ կուսակցութեան անդամ հանդիսացող կամ հանրային պաշտօններ կամ հանրային ծառայութեան պաշտօններ զբաղեցնող անձանց ներգրաւումը։ Նշւած հանգամանքի առաջացումը հիմք է ԲՈՒՀ-ի նշւած պաշտօններից անձի ազատման համար՝ տւեալ պաշտօնում նշանակելու կամ առաջադրելու իրաւասութիւն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկւելու պահից»։

Իսկ 28-րդ յօդւածի 12-րդ կէտի համաձայն. «Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը կուսակցութեան անդամ է կամ զբաղեցնում է հանրային պաշտօններ կամ հանրային ծառայութեան պաշտօններ»։ Պատգամաւորի խօսքով՝ նոյն օրէնքի 31-րդ յօդւածի 6-րդ կէտի համաձայն՝ հանրային ԲՈՒՀ-ի ռեկտորն իր առաջադրման ժամանակ եւ պաշտօնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցութեան անդամ, պարտաւոր է դրսեւորել քաղաքական զսպւածութիւն եւ չէզոքութիւն։ «Քանի որ մեր օրերում խայտառակօրէն ոտնահարւած են բոլոր օրէնքներն ու բարեվարքութեան կանոնները, իսկ լրբախօսութիւնը, ատելութեան խօսքը, բռնութեան կոչերը համատարած են իշխող քաղաքական խմբի կողմից, ռեկտորն էլ իրեն թոյլ է տւել սանձարձակութիւններ, որովհետեւ գիտի, որ Հայաստանում չկայ պատժելիութիւն, եւ կայ սելեկտիւ արդարադատութիւն։

Մենք տեսնում ենք, որ համատարած չարաշահւում է վարչական ռեսուրսը ու կրթական բաղադրիչը։ Եթէ նման վարքագիծ դրսեւորեր որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, հաստատ հիմա արդարութեան մահակը իջել էր նրա գլխին։ Սա է ամբողջ Հայաստանի «ժողովրդավարութեան» պատկերը։ Վարչապետն էլ աջ ու ձախ յանձնարարութիւններ է տալիս իր արձակուրդում եղած ժամանակ, ամէն ինչ անում են, որովհետեւ կայ ամենաթողութիւն եւ իշխանութիւնը ամէն գնով պահելու մարմաջ։ Ի դէպ, արդեօք համատեղելի՞ են ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտօնն ու Սուրէն Պապիկեանի այս քարոզչութիւնը»։

Լիլիթ Գալստեանը նաեւ փաստեց, որ օրէնքի 26-րդ յօդւածի 7-րդ կէտով՝ ԲՈՒՀ-ի եւ դրա կառուցւածքային միաւորների կառավարման մարմիններում, ինչպէս նաեւ ակադեմիական միաւորների ղեկավար պաշտօններում արգելւում է որեւէ կուսակցութեան անդամ հանդիսացող կամ հանրային պաշտօններ կամ հանրային ծառայութեան պաշտօններ զբաղեցնող անձանց ներգրաւումը, սակայն Սուրէն Պապիկեանը ՔՊ վարչութեան անդամ է, ինչը եւս օրէնքի խախտում է. «Ըստ էութեան՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահը քաղաքական քարոզարշաւի մէջ է, ինչն արգելւած է օրէնքով։ Եւ սա այն քաղաքական ուժն է, որն իշխանութեան էր եկել կրթական համակարգը չքաղաքականացնելու խոստումով, բայց մենք գիտենք, որ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն օկուպացւած են իրենց սիրելիներով, եւ իշխող չափանիշը հաւատարմութիւնն է։ Ես գիտեմ նաեւ, որ շատ դեկանների ուղղակի հետապնդում են կուսակցական պատկանելութեան համար, եթէ նոյնիսկ հրապարակային քարոզչական գործունէութիւն չեն իրականացնում։ Մենք գործ ունենք կրկնակի ստանդարտների, վարչական ռեսուրսների օգտագործման, նախընտրական խոստումների եւ կեղծ իրականութեան բախման հետ»։

Related Articles

Back to top button