Հայաստան - ԱրցախՄշակութային

ԻՒՆԵՍԿՕ-ն «մտահոգութիւն» է յայտնել Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման վերաբերեալ

«ԱԼԻՔ» – 2024 թւականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ԻՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային յանձնաժողովի  նախաձեռնած «Նոր եւ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն եւ վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ԻՒՆԵՍԿՕ-ի՝ մշակոյթի եւ արտակարգ իրավիճակների կազմակերպութեան տնօրէն եւ Հաագայի 1954 թւականի կոնւենցիայի եւ դրա երկու արձանագրութիւնների (1954 եւ 1999 թթ.) կոմիտէի քարտուղար Քրիստա Պիկատը յայտարարել է, որ  ԻՒՆԵՍԿՕ-ն մտահոգւած է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող եւ տարբեր տեսակի մշակութային արժէքների ենթադրեալ ոչնչացման մասին զեկոյցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդէն երկար տարիներ է, ինչ գտնւում է ԻՒՆԵՍԿՕ-ի ուշադրութեան կենտրոնում եւ այդ համատեքստում  ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնը վերջին հակամարտութեան ժամանակ ցանկութիւն է յայտնել տեխնիկական առաքելութիւն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարւել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաեւ նշել է, որ այժմ,  երբ իրավիճակը փոխւել է, այս առաքելութիւնն այլեւս չի կարող ուղարկւել Հաագայի 1954 թւականի «Զինւած բախումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» կոնւենցիայի համաձայն։ Այս մասին գրել է Monument Wath-ը։

Քրիստա Պիկատը յաւելել է, որ նախորդ տարի ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի՝ մշակոյթի գծով օգնականի գլխաւորութեամբ առաքելութիւն է ուղարկւել Հայաստան՝ տեղահանւածներին առաջարկելու կառոյցի աջակցութիւնը, եւ համոզւելու, որ նրանց  կարիքները բաւարարւում են ինչպէս կրթական, այնպէս էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաեւ համայնքների ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան, այն կենդանի ժառանգութեան պահելու օգնութեան առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարեւորել է, որ համայնքները սահմանեն իրենց սովորոյթներն ու աւանդոյթները, որոնք պահպանելու կարիք ունեն եւ անհրաժեշտութեան դէպքում ԻՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնութիւն ցուցաբերել համայնքներին։ Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954 թ. Հաագայի կոնւենցիան ունի մոնիտորինգի ժամանակաւոր մեխանիզմ, որը կարող է գործարկւել ցանկացած անդամ պետութեան կողմից:

Related Articles

Back to top button