Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ո՞րն է հայադաւ եռեակի ծրագիրը

«ԱԼԻՔ» – Հետեւելով «խաղաղութեան պայմանագիր» կոչւածի շուրջ դէպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ կը ստորագրւի կամ կը նախաստորագրւի Հայաստանը թշնամու ողորմածութեանը յանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրւել եւ վերջնական տեսքի է բերւել Էրդողանի եւ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի վերջին հանդիպումների ժամանակ։  Այս մասին նշել է երկու ամսով կալանաւորւած քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլաեթացումը։ Նաեւ ակնյայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի եւ Ռուսաստանի իրական դերակատարութիւնը՝ Արեւմուտքի որոշ կառոյցների համաձայնութեամբ եւ հովանաւորչութեամբ։

Փաստաթղթի ստորագրման նախապայմաններից է նաեւ դեռեւս գործող միակ կառոյցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին մանկապղծութեան, սրբապղծութեան ու բարեվարքութեան մէջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ նւաստացնելն ու հասարակութեան մօտ վարկաբեկելը։

Թշնամին չի ներում Արցախի էթնոզտման ու Բաքւի բանտերում հայ ռազմագերիների մասին Շւէյցարիայում Վեհափառ Հայրապետի յայտնի ելոյթը, եւ ազգադաւի միջոցով փորձում է պատասխանել այդ ելոյթին։ Եւ ամենօրեայ ռեժիմով թշնամու առաջ կռացած Հայաստանի վարչապետ կոչւածն իրականացնում է թշնամու հրահանգը։

Այդ փաստաթղթում նախատեսւում է նաեւ հետեւեալ ծրագրի իրականացումը․ մինչեւ 2026 թւականի ԱԺ հերթական ընտրութիւնները որոշ իմիտացիոն պատկերներ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների ջերմացման եւ բարելաւման մասին։ Այնուհետեւ դրան հետեւելու է ժողովրդի էմոցիան գողացող քարոզչական շքերթ՝ խաղաղութեան, երկրի անվտանգութեան, տնտեսութեան հետագայ զարգացման մասին խորախորհուրդ քաղաքագիտական վերլուծութիւններ։

Այս նենգ ու ազգադաւ ծրագրի մարտավարական նպատակը յստակ է՝ հասարակութեան զգացմունքների վրայ խաղալով՝ հիմքեր ստեղծել 2026 թ. ԱԺ ընտրութիւններում իշխանութեան վերարտադրման համար։ Իսկ եռակողմ մշակւած այս ծրագիրն իրականացելուց յետոյ ընդամէնը կէս քայլ է մնում Հայաստանի վերջնական վիլաեթացմանը։

Հետեւաբար, չպէտք է թոյլ տալ այս ծրագրի ուղեկցութեամբ գնալ ԱԺ ընտրութիւնների։ Անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու եւ ազգադաւին հրաժարական պարտադրելու համար։

Յարգելի՛ ընդդիմութիւն,

Համոզւած եմ, որ Հայաստանի սրընթաց գահավիժումը կանխելու միակ ճանապարհը մէկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինեանին հրաժարական պարտադրելն է։ Նաեւ համոզւած եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհն ընդդիմութեան ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցութեամբ համապետական հանրահաւաքի նախապատրաստումն ու անցկացումն է։ Հանրահաւաքը պէտք է զերծ լինի ժողովրդին հիասթափեցնող աւելորդ դասախօսութիւններից եւ պէտք է ունենայ յստակ շեշտադրում՝ ինչպէս պարտադրել այդ հրաժարականը եւ շարունակել մինչեւ ծրագրի ամբողջական իրականացումը։ Փաստարկւած օրինակներով հասարակութեանը յստակ բացատրել, որ բոլոր այս դժբախտութիւնների հիմքում գործող վարչապետի մի շարք հակասահմանադրական քայլերն են եւ թւարկել դրանցից մի քանիսը։ (Այս թեմային որոշ մանրամասնութիւներով անդրադարձել եմ նաեւ իմ ֆէյսբուքեան էջում՝ կալանաւորւելուց ընդամէնը մի քանի օր առաջ):

Անհրաժեշտ է նաեւ քաղաքական հիմնական դերակատարների մասնակցութեամբ ձեւաւորել 6-8 ամիս տեւողութեամբ ժամանակաւոր կառավարութիւն։ Այն պէտք է ունենայ գործնական ծրագիր՝ վերականգնելու վստահելի յարաբերութիւններ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցների, այլեւ միջազգային կռոյցների ու դիւանագիտական ամբիոնների հետ։

Այդ ընթացքում պէտք է կարողանալ նաեւ վստահելի քայլերով հնարաւորինս չէզոքացնել մեր ներքին կեանքում առկայ հատւածային անտագոնիզմն ու անհանդուրժողականութիւնը եւ նախատեսւած ժամկէտում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրութիւներ։

Կատեգորիկ չեմ այս մօտեցումներում, կարող են քննարկւել նաեւ այլ տարբերակներ։ Բայց հասարակութեան ուշադրութիւնը չպէտք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարաւորութիւն չունեցող տարբերակներով։

Իսկ երբ իրականանայ հայադաւ եռեակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրօք մենք արժանի ենք ե՛ւ այս վիճակին, ե՛ւ ազգակործան պատուհասի վարչապետութեանը։

Քաղբանտարկեալ  Ռուբէն Յակոբեան

ՀՀ ԱՆ «Նուբարաշէն» ՔԿՀ

28.07.2025թ.»:

Related Articles

Back to top button