Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաքւէ» շարժման խորհրդի անդամ. «Թուրքիան չի ուզում, որ հայերը ապրեն Հայաստանում»

«ԱԼԻՔ» – «Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպէս սպառնալիք եւ խոչընդոտ իր պանթուրքիստական նպատակների իրականացման համար»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտարարել է «Հայաքւէ» շարժման խորհրդի անդամ, Հայաստանի Ռազմարդիւնաբերական կոմիտէի նախկին նախագահ Աւետիք Քերոբեանը՝ յաւելելով, որ թուրքերը բացայայտօրէն յայտարարում են այդ «խոչընդոտը» վերացնելու անհրաժեշտութեան մասին։

«Նրանք պատրաստ են ցանկացած գնով վերացնել այդ խոչընդոտը՝ լինի դա պատերազմի սպառնալիք, պատերազմ, թէ ինչ-որ վերացական գայթակղութիւն կապւած տնտեսական օգուտների, կամ իբր տարածաշրջանում ինտեգրացիոն նախագծերի եւ այլնի հետ։ Բայց այս ամէնը ձեւական է։ Թուրքիան չի ուզում, որ հայերը լաւ ապրեն Հայաստանում։ Աւելին, նա չի ուզում, որ հայերն ընդհանրապէս ապրեն Հայաստանում։ Թուրքիան չի ուզում, որ Հայաստանը՝ որպէս պետութիւն, ընդհանրապէս գոյութիւն ունենայ։ Իսկ այսօրւայ իշխանութիւնը, որը պաշտօնապէս Թուրքիային անւանում է իր գործընկեր, անում է ամէն ինչ, որպէսզի մենք՝ հայերս, թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում, հաշտւենք այն մտքի հետ, որ այն, ինչ տեղի ունեցաւ Արցախում 2023 թւականին, ցանկացած պահի կարող է կրկնւել նաեւ մեր հետ»,- ասել է Քերոբեանը՝ յաւելելով, որ իշխանութիւնն անում է ամէն ինչ, որպէսզի կեանքն աւելի ու աւելի դժւար դառնայ։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ սա հետապնդում է այն նպատակը, որ հայերի մօտ մարի իրենց երկրում ապրելու ցանկութիւնը։ «Որպէսզի մենք առանց առանձնայատուկ դիմադրութեան ընդունենք այն միտքը, որ մեր ապագան Հայաստանում չէ, այլ որեւէ փախստականների ճամբարում Վրաստանում կամ Ուրուգւայում, Արգենտինայում կամ որեւէ այլ վայրում, բայց ոչ Հայաստանում։ Որովհետեւ, Թուրքիայի պլանով, հայը չպէտք է ապրի Հայաստանում։ Եւ այսօրւայ իշխանութիւնները, ցաւօք սրտի, այս հարցում նրա գործընկերներն են»։

 

Գործող իշխանութիւնները կարող են չեղարկել ընտրութիւնների արդիւնքները՝ ռազմական դրութիւն մտցնելու միջոցով

Անդրադանալով ներքաղաքական զարգացումներին, ընդդիմադիր գործիչը կարծիք է յայտնել, որ Հայաստանում իշխող կուսակցութիւնը կարող է պարտւել արդար ընտրութիւններում: Նա, սակայն, նշել է, որ գործող իշխանութիւնները կարող են չեղարկել ընտրութիւնների արդիւնքները, քանի որ խորհրդարանական մեծամասնութեան միջոցով ընդունել է այնպիսի օրէնքներ, որոնց համաձայն՝ նոյնիսկ ընտրութիւնների աւարտից յետոյ դրանց արդիւնքները կարող են չեղարկւել՝ ռազմական դրութիւն մտցնելու միջոցով։

Աւետիք Քերոբեանի խօսքով՝ քանի որ ներկայիս իշխանութիւններն Ադրբեջանի նախագահին դիտարկում են որպէս գործընկեր, նրանք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որի դէպքում ռազմական դրութիւն կը յայտարարւի՝ արտաքին սպառնալիքի պատրւակով։ «Սա նրանց հնարաւորութիւն կը տայ ոչ միայն չեղարկել առաջիկայ ընտրութիւնները, այլեւ անվաւեր ճանաչել արդէն կայացած քւէարկութեան արդիւնքները»,- պարզաբանել է Քերոբեանը՝ յաւելելով, որ սա յատուկ է աւտորիտար ռեժիմներին։

Նա յիշեցրել է, որ իշխանութիւնները յետընտրական իշխանազաւթման փորձ ունեն՝ մասնաւորապէս Վանաձորի, Գորիսի, Ալավերդու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններից յետոյ։ Քերոբեանը նշել է, որ նման փորձ է արւել նաեւ Գիւմրիում, սակայն այնտեղ ընտրութիւններ են տեղի ունեցել, որոնցում պարզ է դարձել, որ իշխող կուսակցութեանը հնարաւոր է, որ յաղթել ազնիւ ընտրութիւններում։

Related Articles

Back to top button