Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Արեւմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից»
«ԱԼԻՔ» – «Արեւմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ ուշադրութեան կենտրոնում պահելով Սիրիայի իրադարձութիւնները:
«Ասադի իշխանութեան անկումը ցոյց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի եւ Իրանի թուլութիւնը։ Սա ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Կայա Կալլասի գնահատականն է։ Եւ ոչ միայն նրա։
Աշխարհը տեսնում է, թէ ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Աշխարհը նաեւ տեսնում է, թէ ինչ յաջողութիւնների են հասնում ԱՄՆ դաշնակիցները։ Եւ սա կարեւոր իրողութիւն է, որը չի կարելի անտեսել։ Չի կարելի յատկապէս ռուսներին։
Արեւմուտքը չափազանց գրագէտ պարտիա է խաղում Ռուսաստանի դէմ։ Վերջինիս զոհելով Ուկրաինան՝ Արեւմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից։
Ուկրաինայում Ռուսաստանը, իհարկէ, յաղթանակ կտօնի։ Բայց ո՞ւմ է պէտք այդպիսի յաղթանակը։ Կրկին Արեւմուտքին։ Մի պարզ պատճառով՝ որովհետեւ Ուկրաինան, իր նախկին տեսքով, գլխացաւանք էր Արեւմուտքի համար։ Ընդորում, գլխացաւանք էր թէ՛ որպէս Ռուսաստանի դաշնակից եւ թէ՛ որպէս Արեւմուտքի կցորդ։ Այդ երկիրը պէտք էր կտրել ռուսներից եւ փոքր մասերի բաժանել։ Խնդիրը լուծւած է։ Դէ թող դրանից յետոյ որքան ուզում են յաղթանակ տօնեն ռուսները։ Միեւնոյն է՝ բոլորը հասկանում են, որ դա պիւռոսեան յաղթանակ է։
Այսօրւայ Ռուսաստանը չի սպասարկում իր աշխարհաքաղաքական շահերը։ Մոսկւայի համար դրանք առեւտրի առարկայ են դարձել։ Այդ իրողութեան առաջին նշանն ինձ համար 2016 թ. Ապրիլեան պատերազմն էր։ Դէ իսկ վերջնականապէս համոզւեցի այն բանից յետոյ, երբ 2018 թ. սեպտեմբերին Մոսկւայում ձերբակալւեց ու Ադրբեջանին յանձնւեց թալիշ ազգային գործիչ Ֆահրոդդին Աբոսզոդան։
Նոյնը վերաբերում է նաեւ Իրանին։ Թեհրանի քաղաքականութեանը դեռ կանդրադառնամ:
Զարմանալի՞ է արդեօք, որ Ռուսաստանի թշնամիները հաճոյքով են գնում այն, ինչը վաճառում է հէնց ինքը՝ Ռուսաստանը։ Իհարկէ՝ ոչ։ Եւ ուրեմն ո՞րն է Ռուսաստանի փրկութիւնը։ «Օրեշնի՞կը»։ Հազիւ թէ։ Սիրիայում Ռուսաստանին հէնց այդ «Օրեշնիկի» պատասխանը տրւեց։ Վստահ եմ՝ Մոսկւայում դա լաւ են հասկանում։ Կարծում եմ՝ Մոսկւայում նաեւ գիտեն լուծումները. պարզապէս պէտք է դադարել ազգային շահերի առեւտուրը։ Նաեւ չծախել դաշնակիցներին, եթէ անգամ դաշնակիցների մօտ նիկոլփաշինեանների պէս ղեկավարներ են յայտնւում։ Այդ ամէնը պէտք է դադարեցնել քանի դեռ շատ ուշ չէ»,- գրել է նա։