Մարկեդոնով. «Հարաւային Կովկասն ուշի-ուշով է հետեւում Մերձաւոր Արեւելքի իրադարձութիւններին»
«ԱԼԻՔ» – Սիրիայում Դամասկոսի եւ Բաշշար Ասադի վարչակարգի անկումը, անկասկած, կը դիտարկւի որպէս 2024 թւականի Մերձաւոր Արեւելքի առանցքային իրադարձութիւններից մէկը: Շուրջ 7 տարի տեւած ստատուս քւոն (եթէ ելակէտ վերցնենք, այսպէս կոչւած, «Աստանայի ձեւաչափի» աշխատանքի սկիզբը), փլուզւեց։ Իսկ փորձագէտները դեռ պէտք է ճիշտ, առանց զգացմունքների, գնահատեն սիրիական հակամարտութեան դաշտի արմատական վերափոխման հնարաւոր հետեւանքները։ Դրա մասին ըստ News.am-ի՝ սոցցանցերի իր հարթակներում գրել է ռուսաստանցի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։
«Սակայն արդէն պարզ է. մերձաւորարեւելեան այս երկրում իրադարձութիւնները դիտւում են ոչ միայն Լիբանանում, Իսրայէլում, Թուրքիայում կամ Յորդանանում։ Այն ոչ պակաս հետաքրքրութեամբ են յետեւում Հարաւային Կովկասի պետութիւններում։
2020 թւականին, երկրորդ ղարաբաղեան արշաւի մեկնարկին, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը իրաւացիօրէն մատնանշել է «Հարաւային Կովկասի եւ Լեւանտի սերտ կապը»։ Ասենք, այն սկսել է աւելի վաղ ի յայտ գալ, եւ այդ ժամանակից ի վեր, հաւանաբար, միայն ամրապնդւել է:
Հայաստանն առանձնակի մտահոգութեամբ է յետեւում սիրիական դինամիկային. Դրա համար մի քանի ծանրակշիռ պատճառներ կան: Անգամ Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին Հայաստանն ընդունել է զգալի (Հանրապետութեան մասշտաբով) հայ փախստականների՝ հիմնականում Հալէպից։ Տարբեր հաշւարկներով նրանց թիւը կազմում էր 17-20 հազար մարդ։ Երկրորդ՝ Ղարաբաղում կրած պարտութիւնն ու այդ տարածաշրջանի կորուստը, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ ընթացող քննարկումների հետ մէկտեղ, միաժամանակ խորացնում են բացասական ընկալումը։ Թուրքիայի հզօրացումը Մերձաւոր Արեւելքում իբրեւ յաւելեալ վտանգ է ընկալւում։ Յատկապէս Մոսկւայի հետ յարաբերութիւնների սառեցման, Անկարային զսպելու Արեւմուտքի ակնյայտ անպատրաստութեան եւ, ընդհակառակը, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի միջեւ մերձեցման ֆոնին։
Ադրբեջանում, ընդհակառակը, Թուրքիայի հզօրացումն ընկալւում է որպէս առաւելութիւն։ Այստեղ, սակայն, անհրաժեշտ են որոշակի վերապահումներ։ Պաշտօնական իշխանութիւններն իրենց զուսպ են պահում: Նրանք հաւասարակշռում են Անկարայի հետ ռազմավարական դաշինքը եւ զարգացած գործընկերութիւնը Իսրայէլի հետ, որը Բաքւին զէնք մատակարարող կարեւոր երկիր է: Ադրբեջանն իր համար օգուտ է համարում ռազմավարական դաշնակցի ուժեղացումը աշխարհի ցանկացած կէտում։ Բայց միեւնոյն ժամանակ, Անկարայի եւ «ջիհադական ինտերնացիոնալի» տարբեր ներկայացուցիչների սերտ մերձեցումը (նոյնիսկ իրավիճակային եւ մարտավարական) Բաքւում մտահոգութեամբ են ընկալւում։ Երկիրը կիսով չափ բաժանւած է շիաների եւ սուննիների միջեւ, փխրուն ներիսլամական հաւասարակշռութեան ցանկացած խախտում մեծ ռիսկ է, եւ Սիրիայում «քաղաքական իսլամացումը» մեծացնում է նման վտանգները։
Առաջին հայեացքից Վրաստանն աւելի մեծ հեռաւորութեան վրայ է գտնւում Սիրիայի պատմութիւնից։ Սակայն աւելի ուշադիր ուսումնասիրելով՝ կարելի է յիշել նաեւ պանկիսցիների ակտիւ ներգրաււածութիւնը Սիրիայի պատերազմին։ Հէնց միայն Թարխան Բատիրաշւիլիի (Ումար ալ-Շիշանին, ԻՊ-ի պաշտպանութեան նախարարն էր) կամ Մուսլիմ Մարգոշւիլիի (ծայրայեղական Ջունուդ ալ-Շամ շարժման հիմնադիր) գործունէութիւնն ինչ ասես արժէ: Ժամանակ առ ժամանակ երկիրը ենթարկւում էր սիրիական փորձ ունեցող արմատական ջիհադիստների (օրինակ՝ Ահմեդ Չատաեւի) յարձակումներին։
Այսպիսով, Սիրիայում յեղափոխական փոփոխութիւններն ուշադրութեամբ ուսումնասիրւում են Կովկասում։ Եւ մենք դեռ չենք խօսում Թուրքիայի եւ Ռուսաստանի, Թեհրանի եւ Անկարայի եւ բոլորի հետ միասին եւ իւրաքանչիւրն առանձին Արեւմուտքի հետ յարաբերութիւններում առկայ դժւարութիւնների մասին»,- գրել է նա։