ԱտրպատականՀամայնք

Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի 2025-26 տարեշրջանի բացումը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, հոկտեմբեր 1-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը մուտք գործեց Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի յարկը, որտեղ ի մի էին խմբւել ուսուցիչները, ծնողները, պաշտօնեաները, իրենց կողքին ունենալով 2025-26 ուսումնական տարեշրջանի նոր արձանագրւած երե­խաներին:

Ազգային առաջնորդարանից մինչեւ Մանկապարտէզի շէնքը Սրբազան Հօրը ըն­կերակցում էին Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի ներ­կա­յացուցիչ անդամներ՝ Ալէն Սայեադեանը, Քարթին Դիլանեանը եւ Վարդան Կարապետեանը, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիի վարչու­թիւ­նը, եւ Կրթա­կան հաստատութեան տեսչական եւ ուսուցական կազմերը:

Բացման խօսքով, ՀՕՄ-ի ատենապետուհի Անահիտ Մարգարեանը ողջունեց բոլորի քաջալերող ներկայութիւնը, սկսեալ Սրբազան Հօրից եւ Թեմական խորհրդից. «Իւրաքանչիւր անհատի էութիւնը ձեւաւորւում է նախ ընտանիքում, ապա դպրոցում ու հասարակութեան մէջ: Ուսուցիչներն աշխատում են ստեղծել մի միջավայր, ուր երեխաներն ունեն իրենց մտքերն ու յոյզերը ազատ արտայայտելու իրաւունք: Բոլորիս կեանքի ամենալուսաւոր, ամենագունեղ փուլը մանկութիւնն է, ուր իր տեղն ունի մանկապարտէզը, որը համարւում է մանուկների երկրորդ տունը»,- ասաց նա, յատկապէս հայ անհատի կազմաւորման հիմքը ներկայացնելով: Ապա, նա երախտագիտութիւն յայտնեց Ազգային իշխանութեան, կառոյցը մնայուն հոգածութեան առարկայ դարձնե­լու յարատեւ ջանքերը նշելով. «Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի յատուկ ուշադրութեան եւ հովանաւորութեան շնորհիւ այս կառոյցը շարունակում է իր աշխատանքը, որի համար երախտապարտ ենք եւ մեր շնորհակալութիւնն ենք յայտնում»,- եզրափա­կեց նա:

Առաջնորդ Սրբազանը իր ողջոյնի խօսքով օրհնեց յատկապէս երեխաներին, ո­րոնք առաջին անգամ լինելով կրթական կեանքի համար քայլ էին վերցրել, տնից դէ­պի դպրոցական կեանք ուղղւելով: Թւաքականի փոքրութեան մասին տւած իր բա­­ցատրական խօսքը դրական բովանդակութեամբ ներկայացնելով, Սրբազան հայրը շեշտեց, որ իւրաքանչիւր երեխայի կազմաւորման համար բացառիկ միջոց է այն. «Ո­րոշ մանկապարտէզներում հարիւրաւոր եւ նոյնիսկ հազարից աւելի երեխաների ենք հանդիպել, մեծաթիւ հայկական գաղութ ունեցող երկրներում: Ուսուցիչների եւ յատ­կապէս դաստիարակների գործը աներեւակայելի դժւարութիւնների առջեւ է գտնւում: Ահա թէ ինչքան բախտաւոր են, թւով քիչ մեր մանկապարտէզների մէջ կազմաւորւող ե­րեխաները: Ուսուցիչները նրանցից իւրաքանչիւրի ինքնութեան եւ ներքին զգացմունքին ծանօթանում են, ու մօտկից հետեւում նրանց կազմաւորման ընթացքին»,- ա­սաց Սրբազան, եւ բարի աշխատանք ու մարդակերտման ծառայութիւն մաղթեց ու­սուցչական կազմին: Առաջնորդ Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց նաեւ ՀՕՄ-ի վարչութեան եւ Թեմական խորհրդին, որի հովանաւորութ­իւնը թեմի բոլոր կառոյցներին անուրանալի է, յատկապէս վերջին տարիներին, երկրում տիրող տնտեսական դժւարին ժամանակներում:

Նշենք, որ ուսուցչակազմի անդամներ են Անի Դիլանեանը եւ Կարէն Սարգսեանը, իսկ երեխաների խնամատարն է՝ Կարինէ Գրիգորեանը: Յայտնենք, որ մանկապար­տէզի երեխաները նւէրներ ստացան ուսուցիչ Կարէն Սարգսեանի, Թաւրիզի դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղեանի, եւ առաջնորդ Սրբազանի ու Թեմական խորհրդի կողմից: Առաջին իսկ օրւանից ուրախութեամբ լցւեց երեխաների սիրտը, եւ իրենց երկրորդ տան մէջ զգացին նրանք:

Նոյն առիթով յիշւեց ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի շէնքի կառուցման 55-րդ տարին, եւ յատուկ կարկանդակ հատւեց երեխաների ձեռամբ, յի­շելով Գասպարեան ընտանիքի հանգուցեալ եւ ապրող բարերարներին:

Աւարտին, բոլոր ներկաները բարի վերամուտ մաղթեցին միմեանց, խոստանա­լով միշտ զօրավիգ կանգնել հայ մանուկների կարեւոր կենտրոնին:

Related Articles

Back to top button