Այլ

Քնի հերթագայող փուլերը օպտիմալացնում են յիշողութիւնը՝ բոլոր կենդանի էակների մօտ

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, թէ ինչու են բոլոր կենդանի արարածների մօտ դանդաղ եւ արագ քնի փուլերը հերթագայում։ Ինչպէս ցոյց է տւել ուսումնասիրութիւնը, նման կառուցւածքը առանցքային դեր է խաղում յիշողութեան պահպանման եւ «մաքրման» գործում։ Արդիւնքները հրապարակւել են PLOS Computational Biology ամսագրում։

Հետազօտութեան ընթացքում գիտնականները հետեւել են քնած մկների ուղեղին՝ ուսումնասիրելով հիպոկամպում նէյրոնների վարքը, որը կապւած է յիշողութեան հետ։ Պարզւել է, որ դանդաղ քնի փուլում ակտիւանում են նէյրոններ, որոնք ամրապնդում են վերջին իրադարձութիւնները, իսկ արագ քնի փուլում ուղեղը «կտրում է» աւելորդ կապերը՝ յիշողութիւնների յստակութիւնը պահպանելու համար։ Այս կարգի խախտումը, ըստ հեղինակների, կարող է ոչ թէ ամրապնդել յիշողութիւնը, այլ, ընդհակառակը, ջնջել այն։

Հիպոթեզը ստուգելու համար թիմն օգտագործել է ե՛ւ վարքային փորձեր, ե՛ւ համակարգչային մոդելաւորում։ Գիտնականները վերլուծել են վիրտուալ նէյրոնային շղթաներ՝ ներառելով գրգռիչ եւ արգելակիչ ուղեղի բջիջներ։ Պարզւել է, որ նէյրոմիջնորդ ացետիլխոլինի մակարդակը՝ կախւած քնի փուլից տարբեր է եւ որոշում է, թէ որ կապերն են ուժեղանում, իսկ որոնք են ճնշւում։

«Դանդաղ քունը յիշողութիւններին ամրապնդւելու հնարաւորութիւն է տալիս, իսկ արագ քունը՝ դասակարգում է դրանք, որպէսզի չշփոթւեն։ Դա նման է բոյսի խնամքի՝ նախ թոյլ են տալիս, որ այն աճի, իսկ յետոյ ձեւ են տալիս»,- բացատրում է աշխատանքի հեղինակներից մէկը՝ պրոֆեսոր Սառա Ատոնը։

Չնայած այն հանգամանքին, որ մոդելը դեռեւս արտացոլում է միայն հիմնական գործընթացները, գիտնականները այն կարեւոր քայլ են համարում՝ յիշողութեան մեխանիզմները եւ քնի խանգարումների պատճառները հասկանալու համար, ինչպիսիք են, օրինակ՝ անքնութիւնը կամ նարկոլեպսիան։ Ապագայում նրանք նախատեսում են ստուգել, թէ ինչպէս է ուղեղը մշակում աւելի բարդ յիշողութիւններ, ներառեալ՝ յուզական եւ ժամանակաւոր յաջորդականութիւնները։

News.am

Related Articles

Back to top button