Մշակութային

«Կեղծ խաղաղութեան գինը». մեր ներկան, որ կրկնւել է 100 տարի առաջ

«ԱԼԻՔ» – Ձեռքի տակ ունենալով միայն պատմական վաւերագրութիւններ ու փաստաթղթեր՝ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական խումբը գտել է ասելիքը մատուցելու ժամանակակից ոճ ու ելք՝ դիմելով եռաչափ անիմացիային ու  արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներին։ Կինոյի տանը տեղի ունեցաւ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական խաղարկային ֆիլմի երեւանեան պրեմիերան։

«Կեղծ խաղաղութեան գինը» պատմութեան հետաքննութիւն է։ Դէպքերը զարգանում են 1918 թւականի ապրիլի 11-ից մինչեւ մայիսի 25-ն ընկած ժամանակահատւածում, երբ դեռ պետութիւն չունէինք, Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութիւնը շարունակւում էր, պատերազմում պարտւած Թուրքիան խորամանկ դիւանագիտութեան շնորհիւ կարողանում էր հայկական տարածքներ պոկել ու թաթը դրել էր նաեւ Արեւելեան Հայաստանի վրայ:

Կարսի յանձնման ամօթալի դէպքերին յաջորդում է Ալեքսանդրապոլի յանձնման ոչ պակաս անպատւաբէր իրադարձութիւնը։

Ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանը  պատմեց, որ երեւանեան պրեմիերան կազմակերպելու համար դիմել են Կինոգործիչների միութեան նախագահ Յարութիւն Խաչատրեանին, որը սիրով տրամադրել է Կինոտան դահլիճը։

«Մենք մտադիր էինք ֆիլմը ցուցադրել կինովարձոյթում, հետեւաբար դիմեցինք տարբեր կինոթատրոնների, բայց  թեման կամ վերնագիրը երեւի թէ մարդկանց վախեցրին.  Կինոտան դէպքում որեւէ խնդիր չեղաւ։ Նաեւ պարտաւորեցնող է, որ պրեմիերան հէնց այստեղ, այս դահլիճում կայացաւ, իսկ մենք ամաչելու պատճառ չունենք, որովհետեւ վատ բան չենք արել, ընդհակառակը՝ լաւ բան ենք արել, սուղ միջոցներով, բայց մեծ խանդավառութեամբ ու սիրով նկարել ենք մեր մասին, մեր պատմութեան մասին ֆիլմ։

Հիմա կինոթատրոններում իրար յետեւից ֆիլմեր են դրւած՝ խիտ գրաֆիկով, միւս կողմից էլ բիզնեսի տեսանկիւնից երաշխիք չկայ, որ մեր ժողովուրդը տոմս կը գնի, կը գնայ պատմական փաստավաւերագրական ֆիլմ դիտելու։ Այդպիսի նախադէպ չունենք, գուցէ այս պատճառներից ելնելով՝ կինոթատրոնները «Կեղծ խաղաղութեան գինը» չցուցադրեցին»,- նկատեց Յարութիւն Յարութիւնեանը։

Նա տեղեկացրեց, որ ֆիլմի ցուցադրման փուլն սկսւած է։ Այն ներկայացւելու է դրսում։ Ռուսաստանում ցուցադրելու բանակցութիւնները դրական արդիւնք ունեն, ֆիլմին սպասում են ԱՄՆ-ում, Կանադայում, նաեւ Իրանից է առաջարկ եղել։

Ֆիլմն ստեղծւել է որպէս  հայութեանը սթափութեան կոչ. պատմական փաստերը վկայում են, որ 100 տարի առաջ գրեթէ նոյն ճշգրտութեամբ տեղի են ունեցել իրողութիւններ, որոնք  հազարաւոր զոհերի, տարածքային կորուստների պատճառ են դարձել, իսկ հիմքում հայի դիւրահաւատութիւն է, միամտութիւնը, անփութիւնը, բազմաթիւ փորձութիւններից յետոյ թուրքերին  հաւատալու անհեռատեսութիւնը։

Եթէ այդ արատաւոր  յատկանիշները մեզ բնորոշ չլինէին, մենք 300 հազար քկմ Հայրենիք չէինք կորցնի, Կարսում  ահռելի քանակութեամբ զէնք՝ 3000 թնդանոթ, 3000 արագահարւած զէնք, 100000 համազգեստ, 100000 միաւոր ուտելիք, 15-17000 ձի, 10000 հրացան, մեծ քանակութեամբ փամփուշտ, կառքեր, մեքենաներ չէիք թողնի թուրքին ու մազապուրծ չէինք փախչի։

Ու դրանից դասեր չքաղելով՝ հայը 1918 թւականին թուրքական նոյն սցենարով յանձնում է նաեւ Ալեքսանդրապոլը։

«Պատմութիւնից դասեր քաղելու մասին խօսք անգամ չի կարող լինել։ Մենք ոչ միայն դասեր չենք քաղում, այլեւ այդ պատմութիւնն ենք ուզում ջնջել-ոչնչացնել, մոռացութեան տալ՝ իբր այդպսի բան չի էլ եղել, ուզում ենք թուրքի հետ բարեկամութեան խարիսխ գցել։ Մեր վիճակը ծիծաղելի է, մէկ բառով՝ տրագիկոմեդիա։

Մենք 100 տարի առաջ տեղի ունեցած դէպքերի մէջ ենք մնացել, ոչինչ չի փոխւել ու չի փոխւելու, աւելին՝ դէպի վատն է գնալու։ Մեծ փորձութեան առաջ ենք կանգնած. ֆիլմը նաեւ դրա մասին է։ Մեղքը միայն ու միայն մերն է՝ դիւրահաւատ ենք, անդարդ ենք։ Այս ֆիլմը հէնց դրա մասին է՝ թուրքական զօրքը Արփաչայի ափին  կանգնած է, իսկ Գիւմրիում քէֆ-ուրախութիւն է՝ «խաղաղութեան պայմանագրի» յոյսով ու հաւատով՝ ինչպէս հիմա։ Եւրոպան թուրքերի առաջը կառնի… վստահ էին Ալեքսանդրապոլում։ Նոյն բանը հիմա է։ Մենք ե՛ւ լաւ բանակ ենք ունեցել, ե՛ւ զինւած ենք եղել, յետոյ բանակը յայտնւել է այն նոյն վիճակում՝ ինչ հիմա է»,-ներկայացրեց ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանը։

«Կեղծ խաղաղութեան գինը» ֆիլմի ասելիքի մատուցման մտայղացումը ռեժիսոր Մարիամ Եգորեանինն է։ Նորագոյն տեխնոլոգիաների, հնարքների կիրառումը հանդիսատեսին հաճելիօրէն զարմացրեց։ Նիւթն առանց այն էլ ծանր է, ճնշող, մտահոգող, դառը, ապտակող, բայց ներկայացնելու վիզուալ հնարքներն այն հեշտ ընկալւող ու մարսւող են դարձնում։

«Այս ֆիլմի առաջարկն ստանալուց, սցենարին ծանօթանալուց, թեման իւրացնելուց յետոյ մտայղացումներս ի մի բերեցի. այն, ինչ չէի արել նախորդ ֆիլմիս դէպքում («Շուշի. Ամէն»)՝ նորագոյն տեխնոլոգիաների կիրառում, արհեստական բանականութեան ներդրում, արեցի այստեղ, եւ ստացանք բոլորովին այլ ֆիլմ՝ մատուցման ժամանակակից շնչով։

Ֆիլմում կան նաեւ խաղարկային հատւածներ։ Կարճ ու  քիչ են դրանք, բայց բեմադրել ենք առանցքային դրւագները։ Ունենք նաեւ անիմացիա։ Ամբողջովին արխիւային նիւթերի վրայ հիմնւած սցենարը, որտեղ հեղինակային խօսք, միջամտութիւն չկայ, ներկայացրել ենք փաստարկւած նաեւ կադրերով։ Փաստերից բացի, ներկայացւած է նաեւ պատմական իրադարձութիւնների վերլուծութիւն՝ վերցւած այն ժամանակւայ մամուլից։

Իհարկէ, արհեստական բանականութիւնն ու նորագոյն տեխնոլոգիաները մարդկային մտքին, աշխատանքին, ջանքերին չեն կարող փոխարինել, դրանք միայն օգնում են այդ միտքն ու ասելիքը մատուցել, մեր թիմն ահռելի աշխատանք է կատարել, որի արդիւնքը կը գնահատի հանդիսատեսը»,-ասաց ռեժիսորը։

Արհեստական բանականութեամբ ստացած կադրերն ու  նկարահանւած նիւթը միմեանցից չեն տարբերւում, ֆիլմի հեղինակները փորձել են ժամանակաշրջանը, միջավայրը, հագուստները, ամէն ինչ ստանալ ճշգրիտ, համահունչ, իրատեսական։ «Շատ ռիսկային տեղերում ենք նկարահանումներ արել՝ հայ-թուրքական սահմանին, փշալարերի մօտ, ու ամէն վայրկեան սահմանի այն կողմից կարող էին խոչընդոտել մեր աշխատանքը։ Կարծում եմ՝ մեր ստեղծագործական թիմը 100 տոկոսով, դեռ աւելին՝ իր առջեւ դրւած խնդիրը կատարել է։ Մի քանի օր 24-ժամեայ ռեժիմով ենք աշխատել, արւել է առաւելագոյնը։ Գիւմրիում ենք նկարել՝ այնտեղ, որտեղ 1918-ին տեղի են ունեցել բուն իրադարձութիւնները»,-պատմեց Մարիամը։

«Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական  խաղարկային ֆիլմը երեւանեան պրեմիերայից յետոյ կը շարունակի տարբեր երկրներում պատմել մեր ներկայի մասին, որը կրկնւել է մեր ոչ հեռաւոր անցեալում՝ 100 տարի առաջ։

Related Articles

Back to top button