Մշակութային

Տեղի է ունեցել Խաչիկ Տէր-Ղուկասեանի «Սահմանելի» խորագրով անդրանիկ գրքի շնորհանդէսը

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակում նոյեմբերի 7-ին տեղի ունեցաւ սփիւռքահայ գրող Խաչիկ Տէր-Ղուկասեանի «Սահմանելի» խորագրով անդրանիկ գրքի շնորհանդէսը։

Սոյն ժողովածուն ընդգրկում է հեղինակի տարբեր տարիների գրած բանաստեղծութիւնները։ Հոգու խռովք, լռութիւն, կեանքի ու սիրոյ խոհափիլիսոփայական ընկալումներ, պատերազմ ու ապրելու տենչ. այս ամէնը դառնում են բառ ու տող եւ ընթերցողին ծանօթացնում ժամանակակից գրականութեան մէջ մի նոր անւան հետ։

Խաչիկ Տէր-Ղուկասեանն իր առաջին գրքով վստահ, ինքնուրոյն քայլով է մտնում բանաստեղծական աշխարհ, եւ գիրքը, որը նրա երախայրիքն է, խոստանում է ունենալ շարունակութիւն…

Շնորհանդէսին ներկայ էին Համազգայինի եւ ՀՅԴ մեծ ընտանիքի անդամներ, գրականագէտներ, գրողներ, գրքասէրներ։ Ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ Գեղամ Մանուկեանը։

Բացման ու շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը` իր խօսքում անդրադառնալով մեր օրերում սփիւռքահայ գրականութեան դերին եւ նշանակութեանը, ինչպէս նաեւ` հայ գրողի առաքելութեանը ճակատագրական պահերին հայրենիքին ծառայելու եւ ազգային արժէքների սերմանման գործում։

Միջոցառման բանախօսն էր գրող, գրականագէտ Արթուր Անդրանիկեանը, ով իր խօսքում ներկայացրեց Տէր-Ղուկասեանի բանաստեղծական լեզուն, խօսքի վարպետութիւնն ու բանաստեղծական մշակոյթը` այն գնահատելով ինքնեղ, համարձակ ու ժամանակի շնչին համընթաց։

Շնորհանդէսը շարունակւեց գրողի հետ զրոյցով, որը վարում էր «Տորոնտոհայ» ամսագրի խմբագիր Ռուբէն Ջանբազեանը։ Զրոյցի ընթացքում ներկաները հնարաւորութիւն ունեցան բացայայտելու բանաստեղծի խորունկ աշխարհը, նրա ընկալումները բառ ու բանի շուրջ, հոգեհարազատ թեմաներն ու գրական ազդեցութիւնները, ինչպէս նաեւ`նրա մտորումները Սփիւռքում ու Հայրենիքում ստեղծւող ժամանակակից գրականութեան խնդիրների շուրջ։

Համազգայինի Կենտրոնական վարչութեան անունից խօսք ասաց ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը։ «Պոէզիան հոգու կենսագրութիւն է։ Խաչիկ Տէր-Ղուկասեանի պոէզիայի հերոսը աշխարհի թոհուբոհի մէջ մի կողմ քաշւած ու տարակուսանքով աշխարհի անցուդարձին եւ վայրիվերումներին նայող մարդն է։ Նրա բանաստեղծութիւնները խօսուն ու պատկերաւոր պատմութիւններ են` իրենց մէջ ամփոփելով նովելային արձակի շատ ու շատ տարրեր։ Սա բանաստեղծական կարեւոր հմտութիւն է»,- նշեց նա։

Շնորհանդէսին սրտի խօսք ասացին Լիլիթ Գալստեանը, Համահայկական գրողների միութեան նախագահ Աբգար Ափինեանը, Խաչիկ Տէր-Ղուկասեանի ճեմարանական ընկերները։

Վերջում հեղինակը «Սահմանելի» խորագրով գիրքը՝ իր մակագրութեամբ, նւիրեց ներկաներին` խոստանալով շարունակութիւն եւ նոր գրական հանդիպումներ։

Համազգայինի Երեւանի գրասենեակ

Related Articles

Back to top button