Իրանի դեսպանը հետաքրքրւել է ՀՀ-ում հանքարդիւնաբերութեան ոլորտի հնարաւորութիւններից
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել ՀՀ Տարածքների կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Յովհաննէս Յարութիւնեանի հետ։ Գրում է Aysor.am-ը:
Հանդիպմանը Իրանի դեսպանը հետաքրքրւել է ՀՀ-ում հանքարդիւնաբերութեան ոլորտի հնարաւորութիւններից, պղնձի, ոսկու, մոլիբդեuնի, բազմամետաղների արդիւնահանումից, ոլորտում առկայ մարտահրաւէրներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից եւ առկայ ռիսկերից։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատելով հայ-իրանական համագործակցութիւնը եւ շեշտել, որ մեծ պոտենցիալ կայ հանքարդիւնաբերութեան ոլորտում Իրանի հետ համագործակցութեան հարցում։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Յովհաննէս Յարութիւննեանը, անդրադառնալով դեսպանին յուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդիւնաբերութեան ոլորտի զարգացման ռազմավարութեան գործողութիւնների պլանն իր մէջ ներառում է ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բոլոր առաջնահերթութիւնները՝ կարեւորելով դրանցից իւրաքանչիւրը։ Նախարարի տեղակալը նաեւ շեշտել է, որ հանքարդիւնաբերութեան զարգացումը կարեւոր տնտեսական բաղադրիչ լինելուց զատ չպէտք է յանգեցնի շրջակայ միջավայրի աղտոտմանը։
Խօսելով ոլորտային առաջնահերթութիւններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրութիւնը, քանի որ հետազօտութիւնների հիմնական մասը խորհրդային շրջանում արւած ուսումնասիրութիւններ են։
Հանդիպման աւարտին կողմերը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։