ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Թեհրանը եւ Երեւանը նոր էներգետիկ համագործակցութեան ճանապարհին. համաձայնութիւն՝ գազի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերեալ

Իրանը եւ Հայաստանը, համատեղ մասնագիտացւած աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնութեամբ, նոր քայլ են արել էներգետիկ համագործակցութիւնը զարգացնելու եւ Հայաստանի միջոցով դէպի տարածաշրջանային շուկաներ գազի արտահանման ու առեւտրի նոր մոդել ուսումնասիրելու ուղղութեամբ։

Յղում անելով ILNA-ին, Pars Today-ը յայտնում է, որ Իրանի նաւթի նախարար Մոհսէն Փաքնեժադը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանի հետ եւ բարձր գնահատելով Երեւանի աջակցութիւնը Թեհրանին կարեւորագոյն պահերին՝ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը՝ ընդլայնելու համագործակցութիւնը երկու երկրների հնարաւորութիւնների շրջանակներում։

Անդրադառնալով բանակցութիւններին՝ Իրանի նաւթի նախարարը յայտարարել է, որ երկու կողմերը քննարկել են էներգետիկ առեւտրի, տեխնիկաինժեներական ծառայութիւնների արտահանման, նաւթի վերամշակման գործարանի կառուցման եւ Հայաստանին անհրաժեշտ նաւթամթերքի մատակարարման ոլորտում համագործակցութեան ոլորտները։

Ընդգծելով, որ Հայաստանը Իրանի կարեւոր հարեւաններից մէկն է եւ դժւարին ժամանակներում Թեհրանի կողքին է եղել, Փաքնեժադը յայտնեց համատեղ մասնագիտացւած աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնութեան մասին: Նա ասաց, որ այս աշխատանքային խումբը շուտով կը սկսի իր գործունէութիւնը, որպէսզի փորձագիտական ուսումնասիրութիւնների արդիւնքները կարողանան գնահատւել ապագայ հանդիպումներում։

Նշելով, որ երկու երկրների միջեւ ներկայիս համագործակցութիւնը հիմնւած է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման վրայ, նա նշեց, որ Իրանի նոր առաջարկն է մշակել գազի արտահանման նոր բիզնես մոդել, որը, բացի Հայաստանի կարիքները բաւարարելուց, կուսումնասիրի նաեւ այս երկրի միջոցով տարածաշրջանային շուկաներ գազ տեղափոխելու հնարաւորութիւնը։

Իրանի նաւթի նախարարը պարզաբանեց, որ այս ծրագրի իրականացումը պահանջում է տեխնիկական, առեւտրային ուսումնասիրութիւններ ու ենթակառուցւածքների զարգացում, եւ համատեղ աշխատանքային խմբին կը յանձնարարւի ուսումնասիրել այս նախաձեռնութեան տարբեր ասպեկտները։

Related Articles

Back to top button