
Պատգամաւորը պահանջել է կառավարութիւնից բացատրել թանկացման պատճառներն ու երաշխաւորել ծառայութեան որակի բարելաւումը։
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, Տնտեսական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը քննադատել է համացանցի սակագնի 40 տոկոսով բարձրացումը, այն որակելով բնակչութեան տնտեսական ծանր պայմանների եւ ծառայութեան անբաւարար որակի պայմաններում՝ չարդարացւող որոշում։
«Խանէ Մելլաթ» լրատւական ծառայութեան հետ զրոյցում դկտր. Շահվերդեանը նշել է, որ գնաճի եւ կենսապահովման ծախսերի աճի պայմաններում քաղաքացիներին լրացուցիչ ծախսեր պարտադրելը հիմնաւորում չունի, յատկապէս երբ համացանցի որակը չի համապատասխանում սպասելիքներին։
Նրա խօսքով օգտատէրերի հիմնական դժգոհութիւններից է նաեւ գնւած համացանցային փաթեթների անբաւարար ծաւալը, որը չի բաւարարում առօրեայ կարիքները։ Այսպիսով քաղաքացիները վճարում են աւելի շատ միաժամանակ ստանալով անբաւարար որակի ծառայութիւն եւ սպառման սահմանափակ ծաւալ։
Դկտր. Շահվերդեանը կառավարութիւնից պահանջել է յստակ ներկայացնել սակագնի բարձրացման հիմքերը, պարզաբանել ինչ երաշխիքներ կան ծառայութեան որակը բարելաւելու ուղղութեամբ, եւ նշել, թէ ինչպէս են պաշտպանւելու սպառողների իրաւունքները՝ անբաւարար ծառայութիւն մատուցելու դէպքում։



