
1. Ողջ հայաշխարհը, այլեւ՝ միջազգային հանրոյթը ականատես եղան Բաքւում գերեվարւած Ռուբէն Վարդանեանի վերջին լուսանկարին…։
Այսօր, արդէն 25-րդ օրւայ հացադուլի դիմած քաջակորով հայորդու կմախքւող դէմքում կերպաւորւած է աղաղակող ՊԱՅՔԱՐԻ ՁԱՅՆԸ։
Տայ Աստւած, որ ազգովի արժանի լինենք լսելու՝ ահազանգային այդ ձայնը…։
2. Միաժամանակ՝ Ռուբէն Վարդանեանը, արհամարհելով ու լռութեամբ «պատասխանելով» իր դէմ հնչող մեղադրանքներին, երիցս ի ցոյց է դնում իր պայքարի անկոտրում ոգին։
3. Նոյն այս սիւնակում, սրանից ամիսներ առաջ Բաքւի բանտերում խոշտանգւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը վերագրւել էր ազգի մերօրեայ առաջնորդներ. ոմա՜նց նախասիրած նոյն «լիդեր»-ը, որի «չգոյութիւնն» էլ պատրւակում էին, որպէս ազգային ընդդիմադիր ճակատի պայքարի անյաջողութեան պատճառ…։
4. Ահաեւ՝ Ռուբէն Վարդանեան «լիդեր»-ը, որպէս կենդանի ապացոյց գտել ու գտնում է նոր հետեւորդներ Երեւանեան հրապարակներում, որոնք էլ սեփական հացադուլով ընդլայնում են պայքարը՝ ի պաշտպանութիւն գերեվարւած բոլոր հայորդիների։
5. Ահաւասիկ, սփիւռքեան գաղթօջախներում է ոտքի կանգնել պայքարող երիտասարդութիւնը։ Նոյն պահանջատիրութեամբ՝ Սփիւռքը գործնական յստակ քայլերի գնալու յորդորներ է ուղղում ՄԱԿ-ի, Եւրոխորհուրդների ու միջազգային մարդասիրակա՜ն զանազան կառոյցներին…։
6. Արցախի հայութեան հիմնարար իրաւունքները պաշտպանող «Յանձնախումբը», ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի գլխաւորութեամբ, ինչպէսեւ՝ աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերը հետեւողական կերպով իրականացնում են իրաւա-քաղաքական գործունէութիւն՝ միջազգային ընտանիքի մինչեւ իսկ դիւանագիտական շրջանակներում։
7. Մէկ խօսքով՝ բովանդակ հայութիւնը՝ Հայրենիքում, արտերկիր-սփիւռքում, իր Առաքելական Ս. Եկեղեցով, ազգային, հասարակական, քաղաքական կազմակերպութիւններով ու ժողովրդական տարբեր խաւերով, նեցուկ ու պաշտպան է կանգնել Բաքւում ապօրինի պահւող ու կտտանքների ենթարկւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը. բոլորը՝ բացի ապազգային ու Արցախը յանձնած իշխանախմբից…։
8. Իշխանախումբ, որը հաւաքագրւելով թուրք-անգլոսաքսոնական հետախոյզների երկարամեայ ջանքերի արդիւնքում, Հայաստանի պետականութեանը, հայրենի ժողովրդին եւ ողջ հայութեանը պատճառել է անդառնալի ու աննախադէպ կորուստներ եւ աղէտներ ըստ հետեւեալի.
– Թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական խմբաւորումների համատեղմամբ, ինչպէսեւ՝ իսրայէլական հետախուզային օժանդակութեամբ Արցախի դէմ պատերազմի սանձազերծում,
– Նոյն պատերազմում զոհւած շուրջ հինգ հազար հայորդիներ ու կրկնապատիկ թւով՝ հաշմանդամ երիտասարդներ ու…կազմաքանդւած բանակ։
– Ամբողջական Արցախի կորուստ եւ իբրեւ դրա նախերգանք՝ արցախահայութեան շրջափակում, բռնազաւթում, ցեղային զտում-ցեղասպանութիւն եւ հայաթափում…
– ՀՀ -ի հողային ամբողջականութեան խախտում եւ հարիւրաւոր հեկտար տարածքների զիջում…
– Հայոց անկախ պետականութեան պատմութեան մէջ նախադէպը չունեցող «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջ՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից…
– Միեւնոյն դաշինքի կողմից ամենօրեայ սպառնալիք՝ «Արեւմտեան Ադրբեջանը ( իմա՝ Սիւնիքը եւ ողջ Հայաստանը…) ազատագրելու» համար…
– Արդէն լկտիութեան բոլոր սահմաններն անցած թուրք-ադրբեջանական դաշինքը իր նորագոյն պահանջն է ներկայացնում առ այն, որ «եթէ հայերը խաղաղութիւն են ցանկանում, պէտք է արցախեան պատերազմի հայ մնացեալ ոճրագործներին եւս ադրբեջանական արդարադատութեանը յանձնեն…» ու դեռ՝ «Հայոց Սահմանադրական դրոյթները փոփոխութեան ենթարկեն»…։
9. Եւ՝ այս ամբողջ թւարկւածների պատճառով է նաեւ, որ պայքարի դրօշ է պարզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան խորհրդանիշը հանդիսացող Ռուբէն Վարդանեանը, ով անասելի քաջութեամբ իր սեփական կեանքը վտանգելով է մաքառում ազգային ու մարդկային սրբագոյն իրաւունքների համար։
Ահա՝ այսպիսին է եղել իր կեանքի արժէքային համակարգը, երբ հանդէս է եկել որպէս հայազգի հանրահռչակ բարերար, ու այդպիսին էլ մնացել է, երբ տաժանակիր պայմանների ներքոյ՝ հանդէս է գալիս որպէս ողջ հայութեան բռնադատւած ու ոտնահարւած իրաւունքների պաշտպան…
Թո՛ղ մեր համընդհանուր պայքարի յաղթական երթի գրաւականը լինի «ԲՈԼՈՐՍ ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ ԵՆՔ» համազգային կարգախօսը…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու