Գառնիկ Դանիէլեան. «Տեղեկութիւններ ունեմ, որ ոստիկաններին խոշոր պարգեւավճարներ են խոստացել»
«ԱԼԻՔ» – «Կան ոստիկաններ, որ վատ են զգում, բայց յատուկ ընտրել են այն մարդկանց, որոնք չեն խորշում յանցանք կատարելուց, ուզում են աչքի ընկնեն, որ համապատասխան պարգեւատրման արժանանան»: Ինչպէս հաղորդում է Yerevan.today-ը՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ անդրադառնալով նոյն օրն անհնազանդութեան ակցիաների մասնակից քաղաքացիներ դէմ ոստիկանութեան կողմից բիրդ եւ անհամաչափ ուժի կիրառման փաստին:
Նա յայտնել է, որ տեղեկութիւններ ունի, որ ոստիկաններին խոշոր պարգեւավճարներ են խոստացել։
«Տեսաք չէ՞, Կիրանցում ինչ կատարւեց։ Եկան իրենց հայրենիքը պահող մարդկանց խոշտանգեցին, ծեծեցին, բերման ենթարկեցին, ամենապիղծ մեթոդները կիրառեցին, յետոյ համբուրւեցին իրար հետ, ոնց որ հայրենիքը ազատագրել են։ Մի այնպիսի գրկել էին իրար, երկու յաղթանդամ տղամարդ կէս ժամ իրար պաչում են, որ կիրանցի ծերերին ծեծի են ենթարկել։ Ադրբեջանցին գալիս ծիծաղում է իր վրայ։ Ադրբեջանցին գալիս է, հայ ոստիկանին, սակրաւորին ծաղրում է։ Այ այսպէս գալու են բոլորին ծաղրելու են»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը։
Պատգամաւորը յայտարարել է, որ Հայաստանը դարձրել են ոստիկանական պետութիւն, բանակում ծառայող չկայ, իսկ ոստիկաններն ամենավերջին արտադրութեան թանկ մեքենաներ են վարում, բարձր աշխատավարձ են ստանում եւ պարգեւավճար, որ սեփական ժողովրդին խոշտանգում են։
«Վաղը միւս օր ոստիկաններն ադրբեջանական մանեթով են աշխատավարձ ստանալու»,- նշել է Գառնիկ Դանիէլեանը։